Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչում հանուն սեփական ժողովրդի փրկության». Արձագանք ՄԱԿ ԱԽ նիստին՝ Ստեփանակերտից

Դեկտեմբեր 21,2022 15:16

«Փաստացի, որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոց ընդգծվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի/Արցախի հանրապետության ապաշրջափակումը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը՝ Արցախի հանրապետության շրջափակված 120000 բնակչության համար կենսական նշանակություն ունեցող որակելով ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ դիմումի հիմքի վրա Լաչինի/Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկումը:

Մեր զրուցակիցն առանցքային է համարում այն, որ ՄԱԿ ԱԽ ելույթներում հղում կատարվեց և պարտադիր իրականացման իրավական ուժ հաղորդվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որպես ստեղծված իրավիճակի հաղթահարման ելակետային փաստաթուղթ. «Հատկապես կարևոր էր Լաչինի/Բերձորի միջանցքում խոչընդոտների շարունակական լինելու արձանագրումը և դրանց ծանր մարդասիրական հետևանքները: Ընդգծվեց ՌԴ դերակատարությունը և համապատասխանաբար նաև պատասխանատվությունը ճգնաժամի հաղթահարման գործում: Խնդիրը քննարկվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Կիրառված խոսույթը թույլ է տալիս ասելու, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խնդրի միջազգայնացման նոր մակարդակ արձանագրվեց»:

Նելլի Բաղդասարյանն առանցքային է համարում նաեւ այն, որ հայտարարություններում ընդգծվեցին իրավիճակի ռազմաքաղաքական հնարավոր հետևանքները. «Մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի/Արցախի հանրապետության շրջափակումը և հումանիտար ճգնաժամը, որպես հակամարտության վերսկսման լուրջ վտանգ դիտարկվեց»:

Ըստ մեր զրուցակցի, կարևոր էր նաեւ խնդրի հումանիտար ընկալումը. «Մասնավորապես ընդգծվեց Լաչինի միջանցքի կենսական նշանակությունը, որպես Արցախի հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ միջոց: Ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի/Արցախի հանրապետության ժողովրդի ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը: Կարևորվեց Լեռնային Ղարաբաղում/Արցախի հանրապետությունում միջազգային մարդասիրական աջակցության և միջազգային կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը»:

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ ելույթներից մեկում ընդգծվեց ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության վտանգավոր հետևանքները՝ չնշելով հանդերձ դրա հասցեատիրոջը՝ Ադրբեջանին, որը տեղեկատվական ահաբեկչություն է իրականացնում Արցախի հանրապետության ժողովրդի դեմ: Հայտարարություններում հղում արվեց միջազգային իրավունքին, միջազգային մարդասիրական իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկիի Եզրափակիչ ակտին. «Ըստ այդմ, միջազգային ճնշումների առաջին քայլերն արվել են՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի շրջափակման խնդիրը քննարկվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտման համատեքստում: Օգտագործվեց նաև համահարթեցման դիվանագիտական բառապաշարի գործիքը, դրանց կողքին հնչեցին նաև հասցեական հայտարարություններ ուղղված Ադրբեջանին»:

«Կարող ենք հստակ արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ստեղծված Արցախի հանրապետության շրջափակման ճգնաժամն առավելապես աշխատում է հենց Ադրբեջանի դեմ: Առանցքային է մնում այն, որ մենք՝ Արցախում Ադրբեջանի կողմից շրջափակվածներս, ՄԱԿ ԱԽ նիստից հետո ակնկալում ենք միջազգային ճնշումների նոր ալիք, որին զուգահեռ պետք է առաջարկվեն հակամարտության կարգավորման երկարաժամկետ լուծումներ: Ստեղծված իրավիճակում Արցախի հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում կենսական հրատապ մակարդակ է հաղորդվել «ճանաչում հանուն սեփական ժողովրդի փրկության» հայեցակարգով միջազգային հանրությանը ներկայանալուն»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ պատասխանելով հարցին՝ ստեղծված իրավիճակում, ակնհայտ է, որ պաշտոնական Ստեփանակերտն իր օրակարգը պետք է առաջարկի. կա՞ այդ օրակարգը կամ ո՞րը պետք է լինի այն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031