Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը հայտերի ընդունման փուլում է։ Կազմակերպչական թիմը հայտերը կընդունի մինչև ապրիլի 1-ը։ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների: Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 8 րոպե, առավելագույնը` 12 րոպե:
Մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին մրցույթը գտնվում է ամենաստեղծագործական փուլում, քանի որ հեղինակներն աշխատում են նոր ստեղծագործությունների վրա: «Դիմումների կամ մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը մեզ՝ ժյուրիի անդամներիս հասանելի չէ, քանի որ մրցույթի պայմանները պարտադրում են լիարժեք գաղտնիություն: Կազմակերպչական թիմը հիանալի աշխատանքի շնորհիվ ապահովում է սահուն և արդյունավետ նախապատրաստական ընթացք, ինչի արդյունքում մրցույթը լայն տարածում է գտնում միջազգային մասնագիտական շրջանակներում՝ ակնկալելով բազմաթիվ մասնակիցների աշխարհի տարբեր երկրներից»,- ասում է պարոն Հովհաննիսյանը:
Ժյուրիի կազմը ձևավորելիս, ըստ Արամ Հովհաննիսյանի, խորհրդակցել են Տիգրան Մանսուրյանի հետ. «Ուրախ եմ, որ կազմը համալրվել է միջազգային ճանաչում ունեցող հիանալի երաժիշտներով, որոնց բարձր պրոֆեսիոնալիզմը և չափանիշները մեզ հնարավորություն կտան առավել ճշգրիտ կողմնորոշվելու պարտիտուրների ընտրության հարցում»:
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթն ունի հետաքրքիր ձևաչափ. այն պոեզիայի և երաժշտության միաձուլում է: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա: Ժյուրիի նախագահի խոսքով, ակնկալում են մասնակիցների բարձր պրոֆեսիոնալիզմ։ «Մենք ակնկալում ենք այնպիսի ստեղծագործություններ, որտեղ երաժշտության ինքնատիպությունն ու տեքստի բովանդակության և հնչերանգության համադրումները հարուստ կլինեն օրիգինալ լուծումներով»,- նշում է պարոն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայ, այնպես էլ այլազգի կոմպոզիտորներ, որոնց համար կազմակերպիչների կողմից ստեղծվում են համապատասխան պայմաններ՝ հայկական պոեզիային հասանելի դառնալու համար։ Նախ՝ գոյություն ունեն հայ պոեզիայի մի շարք թարգմանված և հրատարակված ժողովածուներ, որոնց կիրառումը հնարավոր է ոչ միայն արտասահմանցի, այլև հայ հեղինակների համար: Տեքստի աղբյուրների կողմնորոշման հարցում կազմակերպչական թիմը մշտապես տեղեկատվական օժանդակություն է ցուցաբերում մասնակիցներին: Մրցույթի ժյուրիի նախագահը կարծում է, որ արդյունքում կունենանք բազմաշերտ գեղագիտական մոտեցումներով լի ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կմեկնաբանի հայ պոեզիան՝ հաղորդելով նոր, միգուցե դեռևս չբացահայտված երանգներ:
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ