Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում իրանագիտությունը գտնվում է հիացմունքի արժանի մակարդակում»․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեկտեմբեր 21,2022 14:52

«Մենք բարձր ենք գնահատում Մատենադարանի գործունեությունն Իրան-Հայաստան մշակութային կապերի համատեքստում։ Այս տարվա ընթացքում շատ լավ ծրագրեր են իրականացվել ՝ հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ»,- Մատենադարանում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ բացված «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողովի ժամանակ նշեց Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհհուրին։ Նա անդրադարձավ նաեւ Իրան-Հայաստան մշակութային կապերին՝ նոր բովանդակություն հաղորդելուն։

Դեսպանի խոսքով․ «Համաժողովի ծրագրում եղած թեմաները մեծ ուշադրությամբ են ընտրված։ Համաժողովի ծրագրում ուշադրություն է դարձվել նաեւ մեր ընդհանուր պատմական ժառանգությանը, կրոնական վայրերին, հատկապես Երեւանում Կապույտ մզկիթին, Իրանում՝ հայկական եկեղեցիների պահպանության պայմաններին, պարսից լեզվի ուսուցմանը, ինչպես նաեւ հայ-իրանական հարաբերություններում կարեւոր ներդրում ունեցող գիտնականներին եւ մտավորականներին»։

Աբբաս Բադախշան Զոհհուրին ընդգծեց․ «Ուրախության առիթ է, որ իրանցիները եւ հայերը կարող են ներկայացնել կապույտ մզկիթի կարգավիճակը, մահմեդականների՝ իրենց կրոնական ծեսերի կատարելու ազատությունը՝ որպես Հայաստանում հանդուրժողականության խորհրդանիշ, իսկ մյուս կողմից՝ օրինակելի եկեղեցիների կարգավիճակը եւ այն կարեւորությունը, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդն են տալիս այդ հարցին։ Պետք է մշտապես հիշենք այս հարցերի քաղաքական եւ բարոյական կարեւորության մասին։

Մյուս հարցը, որին հարկ եմ համարում անդրադառնալ, իրանագիտությունն է, որը գտնվում է հիացմունքի արժանի մակարդակում։ Հայաստանի իրանագիտական կենտրոնները կարեւոր դեր ունեն մեր՝ միմյանց ավելի լավ ճանաչման գործում։ Նաեւ ուրախալի է, որ Հայաստանի իրանագիտական դպրոցի հարցը այս գիտաժողովի թեմաներից մեկն է»։

Ի թիվս այլոց, ելույթ ունեցավ նաեւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։ Նա եւս ընդգծեց հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումների (գրքերի շնորհանդեսներ, ցուցադրություններ) կարեւորությունը։ Ինչ վերաբերվում է «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողովին, Տեր-Ղեւոնդյանն ասաց, որ այն հոբելյանական տարվա վերջին ձեռնարկն է։ «Ուրախ ենք նշելու, որ Մատենադարանում ձեւավորվել է իրանագետների ամուր խումբ՝ արեւելագիտության բաժնի մաս կազմող։ Մեր խոշոր իրանագետների ավանդույթները շարունակելը վստահություն է ներշնչում, որ առաջիկայում եւս ոչ միայն Մատենադարանում, այլեւ ընդհանրապես Հայաստանում ապահոված է իրանագիտության փայլուն ապագան»։

Հավելենք, որ զեկուցումներ են պատրաստել Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի, Իրանի, Կովկասի հետազոտությունների ինստիտուտին գիտնականները: Դրանք վերաբերվում են վաղ արդի շրջանում հայ-իրանական փոխառնչություններին՝ լեզվի եւ գրական մշակույթի համատեքստում, Մատենադարանում իրանական արվեստի նմուշներին, հայ-իրանական փոխհարաբերությունների առանձնահատկություններին, Շահնամեի հայկական պատումներին եւ այլն։ Թեմաներից մեկն էլ, որի հեղինակը իրանցի գիտնական Շիվա Ալիզադեն է, հետեւյալն է․ «Հայեր․ ժամանակակից իրանում ազատության եւ հանդուրժողականության ազնիվ պատմիչներ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031