Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել»․ Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչի առիթով

Դեկտեմբեր 21,2022 14:33

«Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել ու նրա գործողությունների կամ անգործության պրակտիկ գինը կտրուկ չի բարձրացել»,-լրագրողների փաստմանը՝ ՄԱԿ-ում ապաշրջափակման կոչեր հնչեցին, դրանցից հետո ի՞նչ սպասել Ադրբեջանից, այսպես արձագանքեց Արցախի պետնախարարի խորհրդական, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա՝ այդ գինը կարող է լինել ֆինանսական, քաղաքական չափումով, կարող է լինել ռազմաքաղաքական, կարող են լինել անձամբ Ալիևի և նրա մտերիմների նկատմամբ պատժամիջոցները։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ պետք է գին բարձրացնել, այլ տարբերակ չունենք։ Նրա համոզմամբ՝ այդ գինը միջազգային հանրությունը պետք է բարձրացնի․ «Գինը կարող ենք փոքր դրվագներով մենք էլ բարձրացնել՝ ԱՀ-ն ՀՀ-ի աջակցությամբ բարձրացնել՝ տեղում դիմադրություն ստեղծելով։ Պարտադիր չէ միայն ռազմական դիմադրություն լինի՝ հասկանալով բոլոր հնարավոր սահմանափակումերը։ Մեր գործողությունները պետք է միտված լինեն ոչ թե Ադրբեջանի հեղինակությունը նվազեցնելուն, բարոյական արժեքների մասին խոսել, այլ Ադրբեջանի պրակտիկ շահերին հարվածելով։ ՀՀ-ն առաջին հերթին կարող է և պետք է դա անի, որովհետև սա ՀՀ-ի առաջնահերթ խնդիրն է, սա միայն Արցախի հարցը չէ։ Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս քննարկումը նախաձեռնել է հենց ՀՀ-ն։ Կան հստակ դիվանագիտական գործիքակազմեր, ՀՀ-ն ունի միջազգային հարաբերություններ տարբեր երկրների հետ։ Բոլոր հնարավոր լծակները պետք է կիրառվեն, որ հնարավոր լինի ազդել տարբեր դերակատարների վրա, և նրանք ազդեն Ադրբեջանի վրա»։

Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը կարմիր գիծ հատի ու մարսի։ Նա ասաց․ «Հաջորդ գործողությունը շատ ավելի վատն է լինելու։ Կարող է լինել, օրինակ, Զանգեզուրի միջանցքի՝ ուժով բացումը, քանի որ տեսնում է՝ անպատժելիություն է տիրում»։

Հարցին՝ ՄԱԿ-ը տնտեսական, քաղաքական պատժամիջոցներ նախաձեռնելու լիազորություն ունի՞, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «ՄԱԿ-ը բազմաթիվ լիազորություններ ունի։ Միակ կառույցն է, որը լիազորություն ունի նաև հարկադրելու։ Նույնիսկ խաղաղության հարկադրման համար գործիքակազմ ունի՝ խախտելով երկրների ինքնիշխանությունը։ Եթե այլ միջազգային կառույցներ պարտավոր են երկրի իշխանությունների հետ համաձայնեցնել իրենց գործողությունները, ՄԱԿ-ի ԱԽ-ն բացառիկ լիազորություն ունի նույնիսկ ուժ կիրառելու, որ մարդկության, խաղաղության դեմ հանցագործություն կանխի ու դադարեցնի»։

Արտակ Բեգլարյանը նաև կարևոր համարեց Արցախում ՄԱԿ-ի կառույցների մշտական ներկայությանը՝ ՌԴ-ի հետ համագործակցաբար։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի հայտարարությունը, նա պատասխանեց․ «Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր։ Հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ որոշակի գնահատականի հարցում զսպվածություն եմ ցուցաբերում։ Սակայն իրենց գնահատականն իրականությունը չէր արտացոլում։ Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել»։

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումը Արտակ Բեգլարյանը համարում է ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունը։

Հարցին՝ այս հայտարարությունից հետո հնարավո՞ր է դադարեցնի նստացույցը, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Իմ ընկերների, գործընկերների հետ համատեղ քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը՝ այդ թվում այլ տարբերակներով։ Բայց ի սկզբանե հայտարարել եմ, որ նստացույցի նպատակը Արցախի շրջափակման վերացումն է։ Պետք է բավարար հիմքեր ունենամ նստացույցը դադարեցնելու համար, կամ ավելի արդյունավետ միջոցներ գտնենք, որ ավելի հիմնավորված լինի նստացույցի դադարեցումը»։

Լրագրողները հիշեցրին՝ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարեց, թե ճանապարհը բաց է, հետևաբար հնարավո՞ր է Արտակ Բեգլարյանը փորձի մեքենայով անցնել Լաչինի միջանցքով, նա պատասխանեց․ «Կարող եմ, բայց վերջում ինձ հետ ի՞նչ կլինի, երաշխավորված չեմ։ Միգուցե տեղ չհասնեմ, միգուցե այլ տեղ հասնեմ, միգուցե ընդհանրապես սպանեն։ Հարց է, թե Ադրբեջանը իմ, այլ, քաղաքացիների հանդեպ ինչ գործողություններ է կատարելու։ Խնդիրն այստեղ է։ Ադրբեջանն ուղղակի կեղծիքով է զբաղվում, ինչպես միշտ»։

Բոլոր այն հարցերին, թե ինչու ՀՀ իշխանությունների հրաժարականը չի պահանջում, քանի որ փաստացի նրանք չեն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը և այլն, նա պատասխանեց․ «Ես որպես ԱՀ պետական պաշտոնյա՝ իրավունք չունեմ մեր օրենսդրությամբ, իմ աշխատանքային էթիկայի կանոններով հայաստանյան ներքաղաքական թեմաներին անդրադառնալ։ Եթե ես որոշեմ ու գտնեմ, որ ավելի մեծ արդյունք կարող եմ ապահովել իմ ժողովրդի, պետության համար, եթե ես դուրս գամ պետական աշխատանքից ու ազատ քաղաքականությամբ զբաղվեմ, այդ դեպքում այդ որոշումը կկայացնեմ։ Բայց որպես պետական պաշտոնյա ավելի մեծ ծառայություն կարող եմ մատուցել հայրենիքիս, քան ազատ քաղաքական գործունեությամբ զբաղվելիս։ Իմ էթիկայի կանոններով և օրենսդրությամբ պարտավորված եմ զսպվածություն ցուցաբերել ՀՀ ներքաղաքական գործընթացներով։ ՀՀ իշխանությունների հետ այնքանով, որքանով իմ կարգավիճակը հնարավորություն է տալիս, ավելի փակ շփումներով իմ կարծիքը ներկայացնում եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031