Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում համացանցով խաբեության մասին տեղեկություն էր ստացվել: Էլեկտրոնային կայքերից մեկի միջոցով անհայտ անձը, ավտոմեքենաների պահեստամասեր ներկրելու պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ գումար էր վերցրել:
Իրացնելով տեղեկությունները՝ ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դեկտեմբերի 17-ին նրանք հայտնաբերեցին, հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին ներկայացրին Նոր Նորքի 8-րդ զանգվածի 26-ամյա մի բնակչի:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ «Carshop.am» կայքի միջոցով պահեստամասեր պատվիրած և 26-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժած այլ անձինք ևս հնարավոր է լինեն, որոնք կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն