«Իռլանդիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես եւ առանց նախապայմանների շարունակել ապահովել Լաչինի միջանցքի անվտանգ տեղաշարժը՝ համաձայն եռակողմ հայտարարության»,-ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը։
Նա նշել է, որ Իռլանդիան ողջունում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության՝ տարաձայնությունները հաղթահարելու հանձնառությունը եւ երկխոսելու կոչ է անում․ «Սատարում ենք ԼՂ հակամարտության համակողմանի եւ կայուն հանգուցալուծմանը՝ ներառյալ ԼՂ երկարաժամկետ կարգավիճակը որոշակիացմանը։ Ողջունում ենք ԵԱՀԿ ՄԽ միջազգային ձեւաչափը՝ այս նպատակին հասնելու համար։ ԵՄ-ի ակտիվ ներգրավումը եւս սատարում ենք»։
ՄԱԿ-ում Գաբոնի փոխներկայացուցչի գնահատականները եւս հասցեական էին։ Էդվիգե Կոումբի Միսսամբոն նշել է, որ Ադրբեջանի իշխանությունը ձեռնպահ է մնում Լաչինի միջանցքը ապաշրջափակելուց եւ բնապահպանական հարցերի պատրվակ է բերում․ «Փաստահավաք առաքելությունը ՄԱԿ-ին պետք է տեղեկացնի իրավիճակի մասին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ