Բաքուն պահանջում է փոխհատուցում, հայրենադարձում, ռեստիտուցիա և Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով պատճառված այլ վնասի փոխհատուցում: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված օկուպացիայից ազատագրված տարածքներում ադրբեջանցիների իրավունքի կոպիտ խախտումների հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ Ադրբեջանը Դատարան է ներկայացրել մի շարք ապացույցներ առ այն, որ Հայաստանը 2022թ. մայիս-օգոստոս ամիսներին Բերձոր, Սուս և Աղավնո գյուղերից դուրս գալիս կանխամտածված և նպատակաուղղված կերպով ոչնչացրել է գույք, այդ թվում հարյուրավոր բնակելի տներ և բնակելի տարածքներ:
«Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի կառավարությանը մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի մշտական և նպատակաուղղված խախտումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը պարզաբանել էր, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից չի բավարարվել:
Ադրբեջանը, ամբողջական գանգատ ներկայացնելու կոնվենցիոն իրավունքը իրացնելով՝ հայտնել էր, որ միջանկյալ միջոցի կիրառման պահանջից հետո կներկայացնի ամբողջական գանգատ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ