Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պետք է հասկանան, որ շատ մեծ վնաս են հասցնում կլիմայի գլոբալ փոփոխություններին, ամբողջ երկրագնդին․ «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 21,2022 11:10

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության գծով միջազգային փորձագետ Վալերի Պետրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի Կասպից ծովը նավթային ածխաջրածիններով աղտոտման գործում, որն առաջին հերթին նավթի եւ գազի արտահանման ու վերամշակման հետեւանք է։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է տեղին սեփական խնդիրները լուծելու փոխարեն խոսել Արցախում ինչ-որ բնապահպանական խնդիրների մասին, Պետրոսյանը նկատեց, որ նավթավերամշակման գործարաններ շահագործող անձինք եւ կազմակերպությունները, այդ թվում՝ Ադրբեջանում, պետք է հասկանան, որ շատ մեծ վնաս են հասցնում կլիմայի գլոբալ փոփոխություններին, ամբողջ երկրագնդին եւ, իհարկե, առաջին հերթին պետք է մտածեն այդ ամենի մասին, այլ ոչ թե կազմակերպեն մտացածին բեմականացումներ, իբր, պայքարում են շրջակա միջավայրի համար։

Վալերի Պետրոսյան

Լեռնային շրջաններում արժեքավոր մետաղների՝ ոսկի, մոլիբդեն, պղինձ, արդյունահանմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը համեմատելի չէ նավթի, գազի արդյունահանման եւ վերամշակման հասցրած վնասներին։ «Ամբողջ աշխարհում ազնիվ մետաղների արդյունահանումը երբեւէ չի դիտարկվել որպես լրջագույն բնապահպանական խնդիր, ինչպես օրինակ` նավթի ու գազի արդյունահանումն ու վերամշակումն է։ Դրանք անհամեմատելի երեւույթներ են։ Դրա համար էլ ընդգծում եմ, որ եթե Ադրբեջանը մտահոգված է շրջակա միջավայրի պահպանությամբ, որպեսզի չվնասի բնությունը, կլիման, բնակչության առողջությունը, ապա պետք է առաջին հերթին մտածի քաղցկեղածին ածխաջրածինների մասին, որոնք մթնոլորտ եւ ջրային միջավայր են արտանետվում հազարավոր տոննաներով, չվնասի Կասպից ծովի ձկնային ռեսուրսները։ Սրանք անհամեմատ ավելի մեծ չափերի բնապահպանական վնաս են հասցնում, քան ազնիվ մետաղների արդյունահանումը»,- ասաց ՄԱԿ-ի փորձագետը՝ հավելելով, որ բեմականացված կեղծ սցենարներով այդ երկիրը լուծում է քաղաքական խնդիրներ։

Ի վերջո, իրական բնապահպանական խնդիրներ բարձրաձայնելու պարագայում կխոսվեր կոնկրետ թվերի, մոնիտորինգի տվյալների, փորձագիտական ուսումնասիրությունների մասին։ «Եթե կան կոնկրետ թվեր այն մարդկանց մոտ, ում տանում կանգնեցնում են բողոքի ակցիաների ժամանակ, լավ կլիներ գրավոր ներկայացնեին, թե ինչպիսի փորձագիտական ուսումնասիրություններ կան` կապված այն բնապահպանական վնասի հետ, որ, իբր, հասցնում են ազնիվ մետաղների հանքերը։ Պետք է ներկայացնեն, թե ինչպիսի՞ վնասի, ի՞նչ բացասական ազդեցությունների մասին է խոսքը, ինչի՞ց են վախենում, ի՞նչ ռիսկեր են տեսնում, հակառակ դեպքում առանց թվերի բնապահպանության մասին խոսակցություններն իմաստ չունեն։ Հենց խոսվում է ընդհանուր բնույթի բնապահպանության մասին, պարզ է դառնում, որ դա ոչ թե բնապահպանական, այլ բոլորովին ուրիշ նպատակներ հետապնդող քայլ է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Քիմիական անվտանգության խնդիրն ավելի արդիական է դարձել մեր օրերում։ Քիմիական զենքի կիրառումը կարմիր գիծ է, որն Ադրբեջանը հատեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են նախատեսված միջազգային իրավունքով նման հանցագործությունների համար, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության գծով միջազգային փորձագետը նշեց, որ այն պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից՝ հիմքում ունենալով Ժնեւի կոնվենցիան եւ Փարիզի համաձայնագիրը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031