Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան․ Նրանք պարզապես պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, նույնիսկ եթե անհրաժեշտ է՝ զենքի կիրառմամբ․ «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 21,2022 10:45

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, շուրջ տաս օր է, ինչ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական ակցիաների ներքո փակ են պահում Լաչինի միջանցքը՝առաջացնելով հումանիտար ճգնաժամ Արցախում։ Ռուս խաղաղապահները լուռ հետևում են իրավիճակին, իսկ Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետներն ասում են՝ Բաքուն միտումնավոր է սադրում, որ խաղաղապահներն ուժ կիրառեն, նրանք էլ կարողանան դնել խաղաղապահներին դուրս բերելու հարցը։ Կիսու՞մ եք այս տեսակետը։

–Ռուսական օկուպացիոն զորքերի գործունեությունը Արցախում լկտի եմ գնահատում։ Այս մակաբույծներն Արցախում պարզապես ժամանակ են սպանում։ Իրականում նրանք չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները։ Ռուս քաղաքագետները մեծ մասամբ նույնքան պարզունակ և անկիրթ են, որքան նրանց գաղափարախոսները: Բավական է կարդալ պայմանագիրը, որը թույլ է տվել նրանց սողոսկել Արցախ և պարզ է դառնում, որ նրանք պարզապես պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, նույնիսկ եթե անհրաժեշտ է զենքի կիրառմամբ։ Նրանց պարտքն է ապահովել մեր անվտանգ բնակությունն ու տեղաշարժը։ Ինչ վերաբերում է նրան, որ ռուսները վախենում են, որ ուժի կիրառման դեպքում Բաքուն կարող է ստիպել իրենց լքել իրենց տեղակայման գոտին, ապա ասեմ, որ Բաքուն ապրիորի չի կարող նման քայլ անել մինչև առաջին ժամկետի ավարտը։ Թող ռուս քաղաքագետները ուշադիր կարդան Հայաստանի ղեկավարության պարտադրած պայմանագիրը.

-Նշվում է նաև, որ խաղաղապահները չունեն միջազգային մանդատ և հետևաբար ինչ-որ բան անելու լիազորություն չունեն. արդյոք այդպես է։

–Ռուս խաղաղապահները մեր տարածքում են այն երեք երկրների ղեկավարների համաձայնությամբ, որոնց խորհրդարանները հավանություն են տվել այս համաձայնագրին։ Ուստի սա այս երեք սուբյեկտների գործող օրենքն է, և դրա համար միջազգային մանդատ ստանալու կարիք չկա։ Այլ բան է, որ Հայաստանին պարտադրված այս պայմանագիրը հակասում է միջազգային իրավունքին, քանի որ միջազգային իրավունքի համաձայն՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ պետք է զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, և բանակցություններում քննարկվել է խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, բայց համաձայնեցված չի եղել, ինչպես հակամարտության խաղաղ կարգավորման ողջ գործընթացը։ Հաջողության դեպքում, ինչը տեղի չունեցավ, ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է հաստատեին միջազգային խաղաղապահ ուժերի մանդատը։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Առաջին լրատվական» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031