Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան․ Թող փակած պահեն, մենք այդպես երկար ենք ապրել, ինչքան պետք է՝ կապրեն․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2022 10:38

ԱԺ արտահերթ նիստում ով չալարեց, ելույթ ունեցավ եւ Լաչինի ճանապարհի փակ լինելու ողջ պատասխանատվությունը դրեց ռուս խաղաղապահների վրա։ Իշխանականների քարոզչության գլխավոր թեզն այն է, որ ՀՀ կառավարությունն անելիք չունի, թող ռուսներն ինչպես ուզում են՝ բացեն ճանապարհը։ Նման հայտարարությամբ հանդես եկավ անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը։ «Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է»,- հայտարարեց նա։ Մենք զրուցեցինք Արմեն Գրիգորյանի քեռու՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի՝ Մոսիի հետ։

– Տեղափոխվենք Արցախ։ Տեղեկություններ կան, որ արցախցիներն էլ փակ են պահում այն ճանապարհները, որոնցով ադրբեջանցիները պատերազմից հետո սնունդ եւ տեխնիկա էին տեղափոխում իրենց զորամասեր, խոսքն Աղդամ-Քարվաճառ, Կարմիր Շուկա-Շուշի, Մատաղիս-Քարվաճառ ճանապարհների մասին է, մինչդեռ զուգահեռ կան տեղեկություններ, որ ադրբեջանցիներն ուղղաթիռներով են այդ ամենն անում, եւ, ուրեմն, որքանո՞վ է համարժեք մեր կողմից ճանապարհներ փակելը։

– Համարժեք չէ։ Եվ իրենք ոչ միայն ուղղաթիռներով են այդ ամենն անում, այլեւ ուրիշ ճանապարհներ էլ ունեն՝ Քելբաջարը կարողանում են մատուցել չերեզ Օմար, իսկ Շուշին՝ իրենց նոր սարքած ճանապարհով։

– Եթե համարժեք չէ, այդ դեպքում ինչո՞ւ է, ասենք, Մարտունու շրջանի վարչական ղեկավարը հայտարարում, որ իրենք այդ ճանապարհը չեն բացի, քանի դեռ Լաչինը չի բացվել։

– Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց համարժեք չէ։

– Իսկ չե՞նք կարող այլ հակաքայլերի գնալ՝ հավաքի տեսքով կամ նույն ուղղաթիռներով օգնության, օդանավակայանը գործարկելու կամ որեւէ այլ տարբերակով։

– Ես իրավիճակին չեմ տիրապետում, որ կարողանամ ինչ-որ բաներ ասել։

– Իսկ Արցախի իշխանությունները, Ձեր կարծիքով, համարժե՞ք են արձագանքում ստեղծված իրավիճակին, ոմանք քննադատում են…

– Ոչ, այդպես չէ, պետք չի քննադատել։ Եթե այսօր Արցախի ժողովուրդն ապրում է ու խնդիր չունի, դա արդեն չի կարելի քննադատել։

– Մինչ այս պահը՝ այո, բայց քանի դեռ քաղաքական լուծում խնդրին չի տրվել, ճանապարհը փակ են պահելու, ու դժվարություններն օրեցօր ավելի են մեծանալու։

– Թող փակած պահեն, մենք այդպես երկար ենք ապրել, ինչքան պետք է՝ կապրեն։

– Բայց չեն կարող, չէ՞, ամիսներով փակ պահել, Դուք լուծումը ո՞նց եք պատկերացնում։

– Դա հրապարակման ենթակա չէ։

– Դուք հիմա Արցախո՞ւմ եք։

– Ոչ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031