«Առողջ առավոտ»-ի այս հրապարակումը մեկ այլ՝ կրկին դժվար ախտորոշվող հիվանդության մասին է, որը բավականին բարդացնում է մարդու կյանքը, իսկ վերջինս կարող է պատկերացում անգամ չունենալ, որ իր ճաշակած հացը կամ անուշաբույր խմորեղենն իրականում ավելի են խորացնում իր առողջական խնդիրները։ Խոսքը ցելիակիա հիվանդության մասին է։
Ցելիակիան աուտոիմունային հիվանդություն է, որն առաջանում է, երբ մարդը, պարզ ասած, գլյուտեն է ուտում, իսկ գլյուտենն այն սպիտակուցն է, որը պարունակվում է ցորենի, գարու, տարեկանի և այլ հացահատիկների կազմում և խմորին էլաստիկություն է հաղորդում։
Երբ գլյուտենային հիվանդություն ունեցող մարդը գլյուտենով հարուստ սնունդ է ընդունում, օրգանիզմի արձագանքը բավականին սուր է լինում, ինչի արդյունքում վնասվում են բարակ աղիքը ծածկող թավիկները՝ դժվարացնելով սննդից օգտակար նյութերի յուրացումն օրգանիզմի կողմից։ Դա կարող է հանգեցնել թերսնման, ոսկորների խտության նվազեցման, չբերության, անգամ նյարդաբանական հիվանդությունների ու քաղցկեղի որոշ տեսակների զարգացման։
Գլյուտենային հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնությունը չի էլ կասկածում, որ տառապում է այդ հիվանդությամբ։ Հետազոտողները կարծում են, որ ցելիակիա ունեցող մարդկանց միայն 20 տոկոսն է ճշգրիտ ախտորոշում ստանում։
Կարդացեք նաև
Աղիների վնասումը բավականին դանդաղ է ընթանում, իսկ ախտանշաններն այնքան բազմազան են, որ ախտորոշման համար կարող են տարիներ պահանջվել։
Ցելիակիան չպետք է շփոթել գլյուտենի անընդունելիության կամ գլյուտենի նկատմամբ զգայունության հետ։ Գլյուտենի անընդունելիություն ունեցող մարդիկ կարող են ունենալ համանման ախտանշաններ, սակայն նրանց մոտ չեն նկատվում իմունային պատասխան կամ բարակ աղիքի վնասվածքներ։ Ցելիակիան նաև չպետք է շփոթել սննդային ալերգիայի հետ, քանի որ այս դեպքում նույնպես ախտանշանները տարբեր են։ Եթե մարդը ցորենից ալերգիա ունի, ապա ցորեն պարունակող ինչ-որ բան ուտելու դեպքում նրա մոտ քոր, արցունքահոսություն կամ շնչառական դժվարություններ կարող են առաջանալ։
Ցելիակիայի ախտանշանները մեծահասակների շրջանում
Եթե դուք գլյուտենային հիվանդություն ունեք ու ընդունել եք ինչ-որ սնունդ, որը գլյուտեն է պարունակում, ձեզ մոտ կարող են առաջանալ հետևյալ ախտանշանները՝
- Ցավ որովայնում,
- սակավարյունություն
- փքվածություն, հագեցածության զգացում,
- հոդերի ու ոսկորների ցավ,
- փորկապություն,
- փորլուծություն,
- գազեր,
- այրոց ստամոքսում,
- քոր, բշտիկներ մաշկին,
- գլխացավ, հոգնածություն,
- խոցեր բերանի խոռոչում,
- սրտխառնոց,
- վերջույթների ծակծկոցներ կամ թմրածություն, հավասարակշռության հետ կապված խանգարումներ,
- գունատ, հատկապես վատ հոտ ունեցող կղանք,
- քաշի կորուստ։
Ինչպես նշվեց վերևում, ցելիակիան նաև կարող է բացասաբար ազդել ոսկորների խտության վրա, խաթարել փայծախի գործառույթը։
Ցելիակիայի ախտանշանները երեխաների շրջանում
Գլյուտենային հիվանդություն ունեցող երեխաների մոտ ավելի հաճախ առաջանում են աղիների հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝
- Որովայնի փքվածություն,
- փորկապություն,
- փորլուծություն,
- անգույն, գարշահոտ կղանք,
- ստամոքսի խանգարումներ, փսխում,
- քաշի կորուստ։
Եթե ցելիակիայի պատճառով երեխայի օրգանիզմը չի կարողանում յուրացնել անհրաժեշտ սննդանյութերը, նրա մոտ կարող են առաջանալ հետևյալ խնդիրները՝
- Սակավարյունություն,
- զարգացման հապաղում,
- սեռական հասունացման դանդաղում,
- ցածր հասակ,
- ատամների էմալի վնասվածքներ,
- կամակորություն, տրամադրության փոփոխություններ,
- նյարդաբանական խնդիրներ, ուսման հետ կապված դժվարություններ կամ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ։
Նշենք, որ վերոհիշյալ ախտանշանները դրսևորվում են ցելիակիայով հիվանդ ոչ բոլոր մարդկանց մոտ, ինչն ավելի է դժվարացնում հիվանդության ախտորոշումը։
Ցելիակիա ունեցող 4 մարդուց մեկի մոտ առաջանում են քոր առաջացնող բշտիկներ մեջքի ստորին հատվածի, հետույքի, ծնկների, արմունկների, գլխամաշկի շրջանում։ Այս ախտանշանը ավելի հաճախ է դրսևորվում արական սեռի մեծահասակների շրջանում։
Ցելիակիայի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները
Հիվանդության առաջացման պատճառները դեռևս պարզ չեն։ Այն սովորաբար փոխանցվում է ժառանգաբար և կարող է որոշակի գեների հետ կապված լինել։ Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել վիրուսային ինֆեկցիաները, վիրահատական միջամտությունները, էմոցիոնալ տրավման կամ անգամ հղիությունը։ Որոշ հիվանդություններ (1-ին տիպի դիաբետ, Էդիսոնի հիվանդություն, գրգռված աղու համախտանիշ, ռևմատոիդ արթրիտ և այլն) ունեցող մարդիկ ավելի շատ են ենթարկվում ցելիակիայով հիվանդանալու վտանգին։
Ինչպես արդեն նշվեց, ցելիակիան բավականին դժվար է ախտորոշվում, և բժիշկները կարող են մի շարք հետազոտություններ (էնդոսկոպիկ և այլն) ու անալիզներ նշանակել (արյան, հակամարմինների, գենետիկ)։
Ցելիակիայի բուժումն ու դիետան
Ցավոք, այս հիվանդությունը ոչ մի դեղամիջոցով չի բուժվում, և լավագույնը, որ կարող եք անել՝ սննդակարգը փոխելն է։
Ուշադիր եղեք սննդամթերքների վրա «առանց գլյուտենի» մակնշմանը։
Սննդակարգից հանեք հետևյալ մթերքները՝
- Հացաբուլկեղեն, խմորեղեն,
- հացահատիկներից ստացված փաթիլներ,
- գարեջուր,
- մակարոնեղեն,
- պաքսիմատ,
- չորահացեր,
- տարատեսակ սոուսներ և այլն։
Գլյուտեն պարունակող մթերքներ են՝
- Ցորեն,
- սպիտակաձավար,
- հաճար,
- գարի,
- վարսակ,
- տարեկան,
- ածիկ,
- ցորենի օսլա,
- գարեջրի խմորիչներ,
- ալյուր։
Կարևոր է հիշել, որ վերամշակված որոշ մթերքներ ևս կարող են գլյուտեն պարունակել, օրինակ՝
- Գրանոլան ու էներգետիկ սալիկները,
- կարտոֆիլ ֆրին և չիփսերը,
- վերամշակված մսամթերքը, կիսաֆաբրիկատները,
- կոնֆետներն ու շոկոլադի սալիկները և այլն։
Գլյուտեն ընդհանրապես չեն պարունակում
- մրգերը, բանջարեղենը, միսը, ձկնեղենն ու ծովամթերքն առհասարակ, կաթնամթերքը, ընդեղենը, ընդեղենից ստացված ալյուրը, լոբին։
Այս հատիկավորները նույնպես զերծ են գլյուտենից՝
- Բրինձ,
- քինոա,
- ամարանտ,
- չիայի սերմեր։
Գլյուտեն կարող են պարունակել անգամ դեղամիջոցները կամ ատամի մածուկը, ահա թե ինչու է կարևոր պիտակներին ու մակնշումներին ուշադիր լինելը։
Եթե ցելիակիա ունեցող պացիենտի մոտ սննդանյութերի անբավարարություն է նկատվում, բժիշկը կարող է նշանակել անհրաժեշտ հանքանյութերն ու վիտամինները՝ հավելումների տեսքով։ Առանց գլյուտենի դիետա պահելուց մի քանի շաբաթ հետո բարակ աղիքը սկսում է վերականգնվել, և պացիենտն իրեն ավելի լավ է զգում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ