Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան կոչ է անում վերսկսել ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով, լիովին ապահովել ազգաբնակչության իրավունքները․ ՄԱԿ ԱԽ նիստում Լաչինի միջանցքի հարցն է քննվում

Դեկտեմբեր 21,2022 01:56

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության դիմումը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նիստում Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերստը հայտարարեց՝ անընդունելի է ազատ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքով, եւ միջանցքի արգելափակման ուղիղ հետեւանքը Լեռնային Ղարաբաղի մեկուսացումն է։ Նա ասաց, որ մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են․ «Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերսկսել ապրանքների եւ պարագաների տեղաշարժը միջանցքով, միաժամանակ լիովին ապահովելով ազգաբնակչության իրավունքները։ Ֆրանսիան կոչ է անում անմիջապես ազատ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի գործակալությունների համար։ Ֆրանսիան կոչ է անում կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում հաջողության հասնելու համար, որը միայն երկխոսությամբ պետք է լինի եւ ոչ ուժի գործադրմամբ, եւ պետք է լուծվեն բոլոր առկա խնդիրներն, այդ թվում՝ երաշխավորվեն իրավունքները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»։

ՄԱԿ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչն էլ նշեց, ոչ ԱՄԷ–ն մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճով։ Ըստ բանախոսի, ԱՄէ-ն շարունակում է ընդգծել, որ կարեւոր է նվազեցնել լարվածությունը, ցուցաբերել զսպվածություն․ «Բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակը սրելուց, մասնավորապես՝ իրենց հռետորաբանությամբ, քանի որ դա կարող է մարդասիրական ծանր հետեւանքներ ունենալ։ Շատ կարեւոր է, որպեսզի քաղաքացիական անձանց համար իրավիճակը բարելավվի, եւ նրանց կյանքը չվտանգվի։ Մենք համաձայն ենք գլխավոր քարտուղարի հետ, որ անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է գտնել կայուն եւ տեւական լուծում՝ հիմնվելով մինչ այս պահը ձեռք բերված համաձայնությունների վրա»։

ԱՄԷ-ն, ըստ բանախոսի, վերահաստատում է իր դիրքորոշումը՝ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, պետք է խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով գտնել լուծումը․ «Կոչ ենք անում կառուցողական աշխատանքը շարունակել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար։ Մենք եւ միջազգային հանրությունը պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք կայունություն, երկխոսություն և խաղաղ գոյակցություն։ ԱՄԷ-ն կշարունակի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին սատարել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031