Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգն իսկապե՞ս պառակտված է

Դեկտեմբեր 21,2022 10:00

Ի՞նչն է պառակտում ազգը, եթե դա իսկապես տեղի է ունենում: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է՝ ընտրություններ կեղծելը, իշխանությունը գողանալը: Եվ նա, թերեւս, ճիշտ է: Միայն մեկ վերապահումով՝ վերջին անգամ դա տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 2-ին, իսկ հիմա 2022 թվականի դեկտեմբերն է: Այս 5,5 տարվա ընթացքում ազգը դարձավ ավելի միասնակա՞ն: Ավելի բարեկեցի՞կ: Գուցե ազգի անվտանգության մակարդա՞կն է բարձրացել: Կամ գուցե նույն Արմեն Գրիգորյանը՝ որպես գլխավոր ռազմավար, ճի՞շտ է կանխատեսել, թե ինչպես է ընթանալու պատերազմը: Կամ՝ հանճարեղ կերպով է բանակցել Ադրբեջանի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ, որի արդյունքում Ադրբեջանը ճանաչել է Արցախի անկախությո՞ւնը:

Ներկա իրավիճակը եւ սեփական սխալները խոստովանելու ու վերլուծելու փոխարեն էլի քննարկվում է անցած-գնացածը: Չգիտեմ՝ որքան է դա շարունակվելու՝ երեւի այնքան, որքան ՔՊ-ական ընտրազանգվածին դա համոզիչ է թվում, բայց, իմ տպավորությամբ, քանի այդ «ատմազկան» կա, մեր կառավարությունը լավ չի աշխատի:

Բուն «պառակտման» մասին: Ինձ թվում է, դա ոչ այնքան իրականություն է, որքան՝ արտաքին տպավորություն, կամ, ժամանակակից լեզվով ասած՝ «հետճշմարտություն», եւ ներկայիս իշխանության «ծառայությունն» այստեղ անուրանալի է: Այս հարցում ոչ վերջին դերն է խաղում «սոցցանցային ահաբեկչությունը»: Բերեմ մի պարզ օրինակ. շատ մարդիկ վախենում են մոտենալ ՄԱԿ-ի գրասենյակի ցանկապատին եւ սեղմել Արտակ Բեգլարյանի ձեռքը, որովհետեւ կհայտնվի մի քանի հարյուր հոգի, որը կդնի այդ նկարը սոցցանցում՝ «նախկինների ծառա», «ռուսական շպիոն», «Պուտլերի ստրուկ» մակագրություններով, եւ այդ «բուլինգին» դիմանալու հոգեկան ուժեր ոչ բոլորն ունեն: Այդ պարադիգմը տվել է հենց այսօրվա իշխանությունը՝ հատկապես 2018 թվականից հետո, բայց նաեւ դրանից առաջ, երբ ընդդիմադիր քարոզչություն էր վարում: Եվ դրա հետեւանքով պարկեշտ, համեստ մարդիկ մտնում են իրենց պատյանի մեջ՝ ասպարեզը թողնելով իշխանության կամ ընդդիմության կողմից ճղճղացողներին:

Ահա այսպես է տպավորություն ստեղծվում, որ «ազգը պառակտված է», եւ կազմված է այս «սեւ-սպիտակ» ճամբարներից: Իրականում ներկայիս իշխանությունը ոչ այնքան պառակտում է ազգը, որքան բարոյալքում է այն: Օրինակ, Ազգային ժողովի երեկվա նիստի ժամանակ սովորական ՔՊ-ական ագրեսիվությունը («բա որ դուք ձեր վախտ…» թեմայով) զուգորդվում էր անճարակության բացահայտ ցուցադրմամբ՝ «մենք ինչ կարանք անենք, մենք այս աշխարհում զրո ենք»: Ինչպե՞ս թե՝ ինչ կարաք անեք: Կարող եք Արգենտինայի հավաքականի հաղթանակը շնորհավորել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Պարոն Աբրահամյան
    Մարդկանց պառակտումը սկսվում է նախանձից։ Դա շատ լավ հասկանում են երիտհայերին իշխանության բերող տեխնոլոգները։ Երբ մարդկանց համար ցանկացած հաջողված անձ անարժան է, բացի իրենից և իր ,,սրտի,, հաջողակներից։ 2008 թվականի ընտրությունից առաջ սկսված արշավը վայելում ենք բոլորով հիմա։ Իրենք երբեք այդ տեխնոլոգիայից չեն հրաժարվի, որովհետև նույնիսկ մտածող մարդիք 2018 թվականից 4,5 տարի անց, դեռ նախկինների սխալներ ու չապացուցված հանցանքներ են դաշտ բերում , կամ համաձայնվում այս ոչմիբանական իշխանիկների ասածների հետ։
    Մինչև չընդունեն բոլորը, որ 2018 ին եղածը չարիք էր Հայաստանի Հանրապետության համար և միահամուր ուժերով չվերացնեն դա և պառակտումն և բարոյազրկումն անխուսափելի են

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Ի՞նչն է պառակտում ազգը, եթե դա իսկապես տեղի է ունենում:”

    Ազգը պառակտվում է, երբ նրա վերնախավ կոչեցյալի մի մասը սկսում է քարոզել պարտվողականություն, հակա-արցախյան տրամադրություններ, քիրվայական թրքասիրություն, զբաղվում է սոցիալական դեմագոգիայով, հրահրում հակապետական խժդժություններ՝ մարտի մեկերի ու թավշյա խեղկատակությունների տեսքով…

    “Արմեն Գրիգորյանը կարծում է՝ ընտրություններ կեղծելը, իշխանությունը գողանալը: Եվ նա, թերեւս, ճիշտ է:”

    Թե կոնկրետ որ երկրի շահերն է ներկայացնում սույն անձնավորությունը՝ դժվար է ասել, բայց կասկածից վեր է, որ ընտրություններ կեղծելը եւ իշխանություն գողանալը իրենց թրքահպատակ խմբակի մոտ շատ լավ է ստացվում: Մարդիկ նույնիսկ իրենց սեփական վարչության ընտրությունն են կեղծում, ՏԻՄ ընտրություններում հաղթածներին էլ նույն օրը բանտարկում են ու իրենց մարդուն նշանակում: Իշխանություն գողանալը հո պոզով-պոչով չի լինում, արդեն նույնիսկ Մուկուչյանի կարիքն էլ չկա…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Բուն «պառակտման» մասին: Ինձ թվում է, դա ոչ այնքան իրականություն է, որքան՝ արտաքին տպավորություն, կամ, ժամանակակից լեզվով ասած՝ «հետճշմարտություն»”

    Ցավոք՝ այդ պառակտումը իրական է. ունենք իրական ազգային աղետ, համարյա թե կոլեկտիվ ինքանասպանության մակարդակի: Իրավիճակը բարդանում է նրանով, որ այդ պառակտման աղբյուրները (թե ներքին, թե արտաքին) շարունակում են անխափան գործել՝ վայելելով իշխանությունը զավթած թրքահպատակ հակապետական խմբակի լիակատար աջակցությունը: Նիկոլը շատ լավ է հասկանում, որ իր աթոռին զմռսված մնալու համար պետք է հետեւողականորեն խորացնել այդ պառակտումը. իբր նախկին-ներկա, սեւեր-սպիտակներ, Սփյուռք-Հայաստան-Արցախ բաժանման գծերը քիչ էին, հիմա էլ չարչի թրքահպատակները արդեն Մեսսի-Ռոնալդու են խաղացնում…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “շատ մարդիկ վախենում են մոտենալ ՄԱԿ-ի գրասենյակի ցանկապատին եւ սեղմել Արտակ Բեգլարյանի ձեռքը”

    Շատ մարդիկ էլ զարմանում են, թե ինչ տրամաբանությամբ է պետական պաշտոնյան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց անում: Եթե դա լիներ Հասարակածային Գվինեայի պիգմեյների կամ բոկուիգն ցեղախմբի ներկայացուցիչը՝ ոչ մի հարց չէր առաջանա: Լավ, բա դու նույնիսկ չես էլ պատկերացնու՞մ, թե ով է քեզ այդ օրը գցել ու դու այդ մեծարգո պարոնին ոչ մի բան չունե՞ս ասելու: ՄԱԿ-ի գրասենյակի ցանկապատն ես ուսումնախիրում, որ ի՞նչ անես, հարգարժան պետական պաշտոնյա… 🙂

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “պարկեշտ, համեստ մարդիկ մտնում են իրենց պատյանի մեջ՝ ասպարեզը թողնելով իշխանության կամ ընդդիմության կողմից ճղճղացողներին:”

    Այդ «պարկեշտ-համեստ» մարդիկ շատ են սիրում ամեն քայլափոխի ճղճղալ, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, թե պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել ու կուսակցականացնել: Շատ պարկեշտորեն ու համեստաբար կարող են վերցնել իրենց անտարբերության պատյանը ու լուռ ենթարկվել մեծարգո պարոն պատուհասի բոլոր հրամաններին:

    Այս «պարկեշտ-համեստները» իրականում սպասարկում են Նիկոլի քարոզչական թեզերից մեկը. «Այս ամենն ընդամենը աթոռակռիվ է»: Պողոսին պարկեշտորեն սրսկվում է այն համեստ միտքը, թե Նիկոլից լավը միեւնույն է՝ չկա, հո էդ թալանչի նախկիններին հետ չենք բերելու, դրանք միայն իրենց թալանն են ուզում փրկել: Սա, իհարկե, բռնապետների կողմից կիրառվող, վաղուց հայտնի քարոզչական հնարք է՝ դե՛, Պողոս-ջան, եթե մերժում ես ինձ, մերժի՛ր նաեւ իմ գլխավոր հակառակորդին…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031