Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեծ եղավ մեր զարմանքը, երբ իրավաբանական գրասենյակի փոխարեն բացվեց խանութ շների համար». մի բողոքի հետքերով

Դեկտեմբեր 21,2022 13:30

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանին էին դիմել համայնքի Գարեգին Նժդեհի 7-րդ շենքի 6 մուտքի բնակիչները:

«Ամիսներ առաջ մեր մուտքի առաջին հարկի բնակիչը, երբ վերանորոգում էր իր բնակարանը, խնդրեց մեր հարեւանների համաձայնությունը՝ իրավաբանական գրասենյակ հիմնելու համար, ինչը եւ տրվեց: Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ գրասենյակի փոխարեն բացվեց խանութ շների համար: Ավելին՝ պարզվեց, որ տարածքը վարձակալության է տրվել եւ վարձակալն արհամարհելով բնակիչներին՝ չբարեհաճեց ճշտել նրանց կարծիքը՝ նմանօրինակ խանութ աշխատեցնելու վերաբերյալ: Սկզբում ասվեց, որ խանութը նախատեսված է որպես կենդանիների սննդի վաճառքի կետ: Այսօր մենք կանգնած ենք փաստի առաջ, որ շները գրոհել են մեր մուտքը, որովհետեւ խանութի մուտքը ներսից է, դրսից չէ: Կենդանիներն իրենց ազատ են զգում, հանգիստ բավարարում են իրենց կարիքները մուտքի պատերին եւ հատակին, մազերը այսուայն կողմ են թափվում (նաեւ բակի կողմի պատշգամբից, որտեղ շների «վարսավիրանոցն» է), լսվում են շան վնգստոցներ, ամեն րոպե կարող են հանդիպել տարբեր չափերի ու ագրեսիվության շների, իսկ փողոցային շները, ոգեւորված վերջիններից, սկսում են հաչալ միմյանց վրա, ահ ու անհանգստություն պատճառում բնակիչներին, մասնավորապես՝ երեխաներին, անցորդներին: Մուտքի երկու դռներն էլ ամբողջ օրը բաց են եւ շներից բացի, մուք են գործում պատահական մարդիկ, գողեր, եհովականներ, ալկոհոլիկներ, թմրամոլներ, փող հավաքողներ… վտանգելով բնակիչների անվտանգությունը: Վերջերս անհայտ հանգամանքներում անհետացավ «Լիլիթ» համատիրության կողմից տեղադրված կողպեքը: Համատիրությանը տեղեկացրել ենք: Մուտքում ապրում են երեխաներ, տարեցներ, որոնք վախից կարող են ձեռք բերել շաքարախտ: Մենք գիտենք, որ մարդկային բարոյականության եւ ՀՀ օրենքներով անթույլատրելի է նմանօրինակ հաստատության գործունեությունը բնակելի շենքի առաջին հարկում եւ պահանջում ենք լուծում տալ հարցին»:

Նույնաբովանդակ մի դիմում էլ՝ հոկտեմբերի քսաներկուսին ուղարկվել էր Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետից բնակիչները պահանջում էին՝ «Երկու անգամ դիմել ենք վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանին, ի զարմանս մեզ, ստացել ենք այնպիսի անհեթեթ պատասխաններ, որ հարիր չէ նույնիսկ ցածրորակ սերիալներ դիտող տնային տնտեսուհուն… Ի վերջո, թող ներկայացվի մեր համաձայնությունը փաստող փաստաթուղթը»: Ի դեպ, տեղեկացանք, որ նշյալ տարածքի սեփականատերը՝ Արմեն Սարգսյանը, իրեն պատկանող տարածքը վարձակալության պայմանագրով տվել է «ՓԵԹՀՈՄ» ՍՊ ընկերության տնօրեն Ելենա Բորիսենկոյին, որի ընկերությունը զբաղվում է կենդանիների կերերի եւ խնամքի պարագաների վաճառքով:

Բնակիչների մի բողոք էլ ուղարկվել է Երեւանի քաղաքապետարանի Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնի ղեկավար Գ. Գրիգորյանին:

«Շների կուտակում առկա չէ». թաղապետարանի ներկայացուցիչ

Վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Կարապետ Շահինյանը «Առավոտին» հայտնեց, որ տեղյակ է բնակիչների բողոքներից, ասաց, որ թաղապետարանից մի քանի անգամ տեղատեսություն են կատարել: Նրանք բողոքաբերներից՝ բժիշկ Ավթանդիլ Հարությունյանին գրավոր պատասխանել էին. «Տեղատեսության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեի մուտքը բավականին խնամված եւ մաքուր վիճակում է, իսկ շների կուտակում առկա չէ»: Թաղապետարանն անվանական պատասխանել էր նաեւ մանկավարժ Ռուզաննա Նալբանդյանին, գրելով. «ՀՀ գործող օրենսդրությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում, այդ թվում նկուղներում կամ կիսանկուղներում կենդանիների կերերի կամ խնամքի միջոցների վաճառքի արգելք սահմանված չէ, ինչպես նաեւ պահպանված են սանիտարահիգիենիկ պայմանները, հետեւաբար, նշված գործողության նկատմամբ արգելք սահմանել չենք կարող»:


Աշխատակազմի ղեկավար Կարապետ Շահինյանը հղում կատարեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքին, ասաց. «Շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում եւ օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան», ասել է թե՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ իր հայեցողությամբ կատարել օրենքին չհակասող գործողություններ, գույքը որպես սեփականություն օտարել, տնօրինել այլ եղանակներով՝ վարձակալության:

Համակեցության կանոնների համար պատասխանատու են փոխադարձաբար բնակիչները: Նա տեղեկացրեց նաեւ, որ բնակիչների բողոքի մասին տեղյակ են «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում»:

«Առանց տիրոջ մուտքում շուն չես գտնի»,-ասում է դերասանուհի, «ՓԵԹՀՈՄ» ՍՊ ընկերության տնօրեն Ելենա Բորիսենկոն

«Առավոտին» նա ասաց, որ խանութը բացվեց այս տարվա` 2022 թվականի փետրվարից. «Սկզբում բնակիչները գոհ էին, որ ես էի վարձակալել: Տարածքի սեփականատերերից մեկից վարձակալել եմ հինգ տարի ժամանակով, առկա է վարձակալության պայմանագիր: Այո, իրավաբանական գրասենյակ պիտի բացվեր, բայց հետագայում հրաժարվել էին, ես էլ իմանալով այդ մասին, ինքս պայմանագրով վերցրեցի տարածքը: Շատ վատ վիճակում գտնվող մուտքը վերանորոգեցի: Ունեմ տեսախցիկներ: Մուտքի բնակիչներն էլ կարող են վկայել, թե ինչ վիճակում է եղել իրենց մուտքը: Շենքը երկու մուտք ուներ, մուտքերից մեկն իրենք են փակել:

Խանութն աշխատում է առավոտ ժամը տասից մինչեւ 21.00-ին: Ես ծանոթ եմ բողոքին, կան մարդիկ, որոնք բողոքի տակ չեն ստորագրել: Բողոքում նշված նարկոմանների, եհովականների հետ կասե՞ք ինչ կապ ունեմ, այս հին, ֆանտաստիկ շենքի դուռն այնպիսի շրխկոցով են փակում, որ զարմանում ես: Իրենք, եթե բաց են թողնում, հնարավոր է մարդիկ էլ օգտվեն, մտնեն ներս: Համայնքում մի կին կար, որը թափառող շներին է կերակրում, իմ խնդրանքով, նա մեր մուտք չի մտնում, շներին չի կերակրում մեր տարածքում: Դուք չեք տեսնի միայնակ շան, որը մուտքում է, մեր դռան առաջ, առանց տիրոջ: Բողոքող տատիկի բողոքը ինչ մակարդակի կարող է լինել՝ էմոցիոնալ մակարդակի: Բակի մուտքի դռան փականը տեսախցիկով կարող եմ ասել՝ ով է ջարդել, ինքս եմ ասել համատիրությանը:

Երբեմն բնակիչներն են իրեր շպրտում: Բայց ես գիտեմ, որ նպատակը ինձ նեղացնելն է: Ես ինքս եմ ժամանակին մաքրել մուտքի տարածքը, երբ հավաքարար չունեի: Երկու մաքրող կան, մազ չկա, մեկը տարածքի ներսն է մաքրում, մեկը դուրսը: Դեպի բակ նայող հատուկ հատվածում իրականացվում է լողացումը: Շները միշտ հաչում են վատ մարդկանց վրա, բայց ես վատ բան չեմ անում: Բնակիչներից մի քանիսն առաջարկում են շենքի դրսից բացել դուռը, ինչը հնարավոր չէ, բացի այդ էլ, վարձակալության պայմանագրում նման կետ չկա փոփոխության»:
Զրուցակիցս նաեւ ասաց, որ թաղապետարանից են եկել, իսկ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» մասին լսեց ինձնից:

«Ինձ համար կարեւոր է ստերիլ վիճակը, դուք խանութ մտաք, հոտ զգացի՞ք: Ամենալրացված, ամենաթանկ խանութներում կա նման խնդիր»,-ասում է ընկերության տնօրենը: Մեր հարցին, թե աղբը, թափոններն ինչպես են հեռացվում տարածքից, նա պատասխանեց, կերի տոպրակով հատուկ փակում են, փողոցային շներն էլ եթե անսպասելի տարածք մտնեն, իրենց հետեւից էլ են մաքրում:

Նա ասաց, որ մուտքի լույսն է դրել, չնայած իր տեսախցիկները կարող են մթի մեջ էլ նկարել, ուղղակի ամեն բան ցանկանում է մաքուր ու լուսավոր լինի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031