Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղվապահ աղջիկը, որ նաեւ բլոգեր է

Դեկտեմբեր 21,2022 13:00

Ինչպես Մարիանա Ավետիսյանը թողեց պետական համակարգում աշխատանքը եւ զբաղվեց մեղուներով

Մարիանա Ավետիսյանն ավարտելով Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ ուսումը շարունակել է ԳԱԱ քաղաքագիտության բաժնում, սակայն մեղրի հանդեպ սերն աղջկան ստիպել է թողնել պետական համակարգում աշխատանքը եւ զբաղվել մեղվաբուծությամբ։

«Սկսել էի հաճախել մարզասրահ եւ դրան զուգահեռ փորձում էի առողջ սնվել։ Սննդակարգիցս բացառել էի ալյուրը, շաքարավազն ու կարագ պարունակող մթերքները։ Փորձում էի դրանք փոխարինել, օրինակ՝ շաքարավազի դեպքում մեղրով էի լրացնում բացը։ Ես շատ քաղցրակեր եմ, շատ եմ սիրում քաղցրավենիք, բայց մտածելով առողջությանս մասին, փորձում էի ինքս հորինել բաղադրատոմսերը՝ մի քանի բաղադրիչ ավելի օգտակար դարձնելով»,-պատմում է Մարիանան։ «Մի օր մարզիչս մտահղացում տվեց, որ կարող եմ նմանատիպ քաղցրավենիքներ պատրաստել՝ արդեն վաճառքի նպատակով, ու մի կարճ ժամանակ, մարզչիս հորդորներով, սկսեցի զբաղվել դրանով։ Ունեի իմ սեփական արտադրությունը՝ քաղցրավենիքներ, որոնք չէին պարունակում սովորական ալյուր, շաքարավազ եւ կարագ։ Սակայն այդ ժամանակ ես աշխատում էի պետական համակարգում եւ ժամանակի խնդիր կար, դրանք իրար հետ զուգահեռ կատարելը շատ դժվար էր»,- պատմում է նա։
Մարիանան ասում է, որ բլոգինգի հանդեպ իր սերը հենց այդ ժամանակ է ծնվել. «Ինստագրամում կիսվում էի տարբեր բաղադրատոմսերով, որոնց մեծ մասը պատրաստվում էր հենց մեղրով՝ որպես շաքարի փոխարինիչ։ Այդ ժամանակ մենք ունեինք մեր փեթակները, որոնցով զբաղվում էր մեղվաբույծ, սակայն նա մի օր ասաց, որ տարիքից ելնելով՝ այլեւս չի կարող զբաղվել մեր մեղուներով»։

Երբ մեղվաբույծն այլեւս հրաժարվեց զբաղվել փեթակներով, Մարիանան եւ իր ընտանիքը որոշեցին վաճառել փեթակները, հենց այդ ժամանակ աղջկա մոտ սկսվեց ներքին խառնաշփոթ: «Երբ նա հրաժարվեց մեր փեթակներով զբաղվել, մենք փեթակները տեղափոխեցինք մեր ամառանոց ու սկսեցինք մտածել դրանք վաճառելու մասին, քանի որ մեր ընտանիքում ոչ ոք չգիտեր, թե ինչպես պետք է խնամել մեղուներին։ Ես բավականին շատ մեղր էի օգտագործում, արդեն խառնվել էի իրար, մտածում էի՝ վաճառելու դեպքում որտեղից պետք է անարատ մեղր գտնեմ: Մի օր գարնանը, երբ գնացել էինք ամառանոց, նկատեցի մեծ թվով մահացած մեղուների։ Ես կենդանիներ շատ եմ սիրում՝ ցանկացած տեսակի, խնդրեցի հայրիկիս, որպեսզի մեղվաբույծ կանչի՝ ինձ թվում էր, թե փեթակները հանգել են։ Ասացի, որ ինձ համար եւս արհրաժեշտ պարագաներ վերցնեն եւ էնպես կազմակերպեն, որ ես էլ անպայման ներկա լինեմ։ Անկեղծ ասած, այդ ժամանակ անգամ վախենում էի մեղուներից, բայց դա ինձ շատ հետաքրքիր էր եւ ես ուշադիր հետեւում էի պրոցեսին»,-հավելում է Մարիանան։ Մեղվաբույծը փեթակների վիճակը նորմալ է գնահատում, սակայն անհրաժեշտություն կար մեղուներին կերակրելու:

«Երբ մեղվաբույծը նայում էր փեթակները, ակամայից սկսեց ինձ ցուցումներ տալ։ Ես չհասկացա, թե ինչպես մեղուների խնամքի պատասխանատվությունն ընկավ ինձ վրա։ Եվ ես արդեն սկսեցի զբաղվել մեղուներով, սկսեցի շատ սիրել իրենց ու էն միտքը, որ պետք է վաճառեինք փեթակները, ակամայից հօդս ցնդեց։ Հենց էդպես սկսեցի զբաղվել մեղվաբուծությամբ»,- պատմում է Մարիանան։
Հավելում է, որ սկզբում մեղվաբույծն օգնում էր իրեն, դրան զուգահեռ նա ուսումնասիրում էր համացանցում առկա ահռելի գրականությունը, սակայն հաջորդ տարի արդեն մեղուների խնամքով սկսեց ինքնուրույն զբաղվել։

Ինչ վերաբերում է տիկտոկում հայտնվելուն, այս մասին էլ հետեւյալն ասաց. «Արդեն սննդաբանության վերաբերյալ բլոգ էի վարում։ Իմ ընկերների համար մի անգամ նկարեցի տեսանյութ, թե ինչպես եմ զբաղվում մեղվի փեթակներով, ինչպես կերակրում մեղուներին ու այդ տեսանյութը տեղադրեցի ինստագրամում։ Մի օր, չգիտեմ, թե ինչպես, քնելուց առաջ որոշեցի հոլովակը նաեւ տիկտոկում տեղադրել։ Առավոտյան, երբ արթնացա, տեսա, որ երկու հարյուր հազարից ավելի դիտում ուներ հոլովակը, շատ մեկնաբանություններ կային, բոլորը հարցնում էին, թե ո՞վ է էս աղջիկը։ Հիշում եմ՝ մինչ այդ հոլովակը ես ընդամենը երեք հետեւորդ ունեի, իսկ այդ առավոտյան արդեն մոտ երկու հազար հետեւորդ»։

Մարիանա Ավետիսյանին տիկտոկում ճանաչում են որպես մեղվապահ աղջիկ, այդ հարթակում նա ունի 24 հազարից ավելի հետեւորդ։ Նա իր էջում կիսվում է ոչ միայն մեղվաբուծության վերաբերյալ հոլովակներով, այլեւ առողջ ապրելակերպի մասին խորհուրդներով: «Դրսում որ ինձ տեսնում են, ասում են, վա՜յ, էն մեղու պահող աղջիկը, էն մեղվաբույծ աղջիկը, ու բնականաբար՝ դա ինձ շատ հաճելի է։ Այդ դիմելաձեւն ինձ մի տեսակ տարանջատում է մյուս բլոգերներից։ Այսօր շատ բլոգերներ կան, բայց մեղու պահող աղջիկը հենց ես եմ»,-ասում է մեր զրուցակիցը։
Մեղվապահությունը հոբի՞ է, թե՞ բիզնես՝ այս մասին էլ հետեւյալն է նշում. «Իմ ներսում այդ թեմայով մի քիչ հակամարտություն կա. ի սկզբանե եղել է հոբի, հիմնական նպատակն այն էր, որ ընտանիքիս անարատ մեղրով ապահովեմ։ Ես ինչ-որ տեղ նույնիսկ անարդար եմ համարում, որ մեղուն այդքան աշխատում է ու դու իր չարչարանքն իրենից վերցնում ու որպես բիզնես վաճառում ես»:

Հասմիկ ԱՆՏՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031