Ասում է բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանը
Օրերս լույս է տեսել արցախաբնակ բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն։
«Առավոտի» հարցին` ինչ է պոեզիան ընթերցողի եւ բանաստեղծի համար, Ալիսա Բաղդասարյանը պատասխանեց. «Պոեզիան անձնական եւ անանձնական զգացումների, ապրումների, տրամադրությունների, երազանքների, կյանքի լավ ու վատ իրադարձությունների գեղարվեստական նրբագեղ պահ-պատկեր է, որին բանաստեղծը հասնում է մերկացնելով հոգին։ Ասել է թե` պոեզիան բանաստեղծի հոգու հայելին է, որի մեջ ընթերցողը տեսնում է իր բաբախող սիրտը»։
Գրքի խմբագիրը բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանն է։ Նրա խոսքով` Ալիսայի այս գիրքը յուրօրինակ ապրելու տարածք է, եթե ճշգրիտ, ապա` ապրելու համար պայքարի տարածք։
Կարդացեք նաև
«Եթե բանաստեղծուհու նախորդ` «Պատերազմից հետո» գրքում տարածության ու ժամանակի խրոնոտոպն Արցախյան 44-օրյա պատերազմն էր, պատերազմից հետոյի գեղարվեստական հնարքի կիրառումը հենց այդ պատերազմի ուղղակի նկարագրությամբ, ապա նոր` «Տունդարձի ճանապարհին» ժողովածուն պատերազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ»,-նշեց Սլավի-Ավիկ Հարությունյանը։
Ալիսա Բաղդասարյանն անընդունելի է համարում ինչ-որ բան անհրաժեշտաբար գրելը։ Ասում է` բանաստեղծությունը վերերկրային յուրօրինակ հաղորդակցում է, այն տեղի է ունենում ազատության մեջ, կեղծ ու ձեւական կապանքներից հեռու, շիտակ ու անշահախնդիր։
«Տող գրելիս բանաստեղծը միայն բառերի հետ է պայման կապում, իսկ բառերը ստվերներ չունեն։ Հետեւաբար պետք է ապրել եւ գրել այնպես, որ ստվեր գցելու հմտություն ունեցող ժամանակն անգամ անզոր լինի ինչ-որ բան փոխել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2022