Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքդ ես մեղավոր, որ այս վիճակում ես»

Դեկտեմբեր 21,2022 14:00

Երբ հակառուսական քարոզչությունը վերածվում է հակա-արցախյանի

Պատկերացրեք, ձեր եղբայրը փորձանքի մեջ է: Որո՞նք պետք է լինեն ձեր գործողությունները: Բնական կլինի, որ դուք ձեր եղբորը օգնության ձեռք մեկնեք: Կամ, եթե նման հնարավորություն չկա, գոնե քաջալերող խոսքեր ասեք: Բառերն էլ են կարեւոր, եթե դրանք անկեղծ են, սրտից են բխում, ոչ թե պարզապես ասված են հավուր պատշաճի: Բայց եթե սովորական մարդկային, եղբայրական կարեկցանքը ձեզ մոտ ավելի թույլ է արտահայտված, քան այլ՝ որպես կանոն, բացասական, դեստրուկտիվ զգացմունքները, ապա ձեր վարքը դառնում է անբնական, երբեմն նաեւ՝ անմարդկային:

Հայաստանում ներկայիս պաշտոնական քարոզչության հիմնական վեկտորը հակառուսական է: Կարծում եմ, այնպես չէ, որ, օրինակ, հայտնի ՔՊ-ականները եւ հ/կ-ականները ինչ-որ անկեղծ ատելությամբ են լցված ռուսների նկատմամբ: Եթե պետք լիներ իրենց «շեֆի» դեմ ուղղված սլաքը շեղել ամերիկացիների կամ, ասենք, էսկիմոսների վրա, նրանք առանց վարանելու դա կանեին:

Մեր «արեւմտամետները» սովորաբար անգամ հեռավոր պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է նշանակում «արեւմտյան (եվրոպական) արժեքներ»: Նրանց թվում է, որ դա նույն ռուսական կամ ռուսամետ կայսրապաշտությունն է, միայն թե՝ «մինուս» նշանով: Ինչպես օրինակ՝ մարտնչող աթեիստները նույն մոլի հավատացյալներն են եւ նույն բթամիտ խանդավառությամբ հավատում են, որ Աստված չկա: Հիմա էլ հայաստանցի «արեւմտամետներն» են. նրանք հաստատ չեն կարդացել, ասենք, Կանտի աշխատությունները, որտեղ գրված է, որ մարդը չպիտի լինի միջոց, մարդը նպատակ է: Հենց դա՛ է իրականում արեւմտյան արժեքների հիմքը, հենց դրանի՛ց են սերում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը՝ այդ ամենը գալիս է մարդուն ամեն ինչի կենտրոնում դնելուց: Իսկ մեր արեւմտամետները ճիշտ նույն ձեւով պատրաստ են ատել մարդկանց, նույնիսկ հարազատներին, նույնիսկ հայրենակիցներին՝ միայն նրա համար, որ այդ մարդիկ դավանում են իրենց դուր չեկող գաղափարներ: Այսպես ասած, արեւմտամետ «Պրոխանովներ» եւ «Դուգիններ»:

Կոնկրետ այդ դեպքում ի՞նչ է ստացվում, երբ «արեւմտամետներն» իրենց «շեֆից» քննադատության սլաքը շեղում են ռուսների վրա: Ստացվում է, որ արցախցիները, որոնք այժմ փորձանքի մեջ են, իրե՛նք են մեղավոր, որ իրենց շրջափակել են: «Պուտինի նկա՞րն էիք բռնում, Ռուսաստանին շնորհակալությո՞ւն էիք ասում, դե, հիմա ստացեք՝ ձեզ հասնում է»: Անձամբ ինձ ցնորամիտ գաղափարներով ապրող Ռուսաստանի բռնապետի նկարը պահելը նույնպես դուր չի գալիս: Բայց այս պարագայում կյանքի ու մահու կռիվ տվող մարդկանց կշտամբելը, մեղմ ասած, տեղին չէ: Ահա այդպես է ստացվում, որ հակառուսական պաշտոնական քարոզչությունը վերածվում է հակա-արցախյան եւ, մեծ հաշվով, հակամարդկային քարոզչության:

Ինչ մնում է դրսի «դրսի ուժերին», ապա ոչ մի տեղ չկան ո՛չ հրեշտակներ, ո՛չ էլ սատանաներ: Ռուսաստանի թուլացած կայսրությունն իր շահերն ունի, եւ շատ բան կախված է նրանից, թե երբ եւ ինչպես է ավարտվելու Պուտինի ռեժիմի դարաշրջանը: Բրիտանիան նույնպես իր շահերն ունի, եւ բրիտանական արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունն ավանդաբար կառուցվում է այդ երկրի բիզնես հետաքրքրությունների վրա: Տվյալ դեպքում դրանք ոչ միայն նավթային շահերն են Ադրբեջանում, այլեւ հանքարդյունաբերության շահերն Արցախում: Ի դեպ, գաղտնի հետախուզական ծառայության՝ MI6-ի ղեկավարի՝ Հայաստան այցելության մեջ որեւէ սարսափելի բան չկա: Եվրամիությունն էլ իր շահերն ունի: Օրինակ այդ կառույցի փաստացի վարչապետ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անցած շաբաթ հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում: Այն Ադրբեջանը, որը ցանկանում է կոտորել 120 հազար հայի: ԱՄՆ-ին ձեռնտու կլինի հումանիտար ինքնաթիռ ուղարկել Արցախ՝ կուղարկի, եւ դա, իհարկե, շատ լավ կլինի: Ձեռնտու չի լինի՝ չի ուղարկի: Ոչ մեկից պետք չէ նեղանալ, ոչ մեկով պետք չէ հրճվել, առավել եւս՝ ոչ մեկի նկատմամբ պետք չէ ատելություն բորբոքել:

Եվ ամենակարեւորը՝ եկեք իրար հանդեպ նրբանկատ լինենք. Եթե դիմացինդ ցավ է ապրում, պետք չէ նրա վրա գոռալ՝ «ի՛նքդ ես մեղավոր, ես քեզ զգուշացնում էի»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031