Իրանի տարածքով «Բաքու-Նախիջևան մայրուղին» փակ լինելու մասին շրջանառվող լուրը հաստատող փաստեր չգտա. Azg.am-ին հայտնում է իրանագետ, Իրանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, որը «Ազգ» շաբաթաթերթում պարբերաբար ներկայացնում է Իրանի հետ առնչվող իր նոր ուսումնասիրությունները։ Դիվանագետի ձեռքը մշտապես այդ երկրի զարկերակի վրա է։
Գրիգոր Առաքելյանը տեղեկացրեց, որ չկա նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող հատուկ մայրուղի։ Դա ընդամենը Իրանի տարածքով անցնող միջնահանգային ճանապարհ է, որից օգտվում է նաև Ադրբեջանը Նախիջևանին միանալու համար, և որից միաժամանակ օգտվում են նաև իրանցիները:
«Այսօր՝ Արցախի շրջափակման 9-րդ օրը, Իրանն իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնել ԱԳ նախարարության խոսնակի շուրթերով։ Խոսնակը, թեև հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի, առանց Ադրբեջանի արարքը դատապարտելու՝ կողմերին կոչ է արել խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Այս հայտարարությունը մյուս երկրների հայտարարությունների նման զուրկ է հասցեականությունից»,- Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու հետ կապված իրանական կողմի դիրքորոշումը, գնահատականն արձանագրել ու հետևություն է արել իրանագետը։
Այսօր լրատվամիջոցները շրջանառեցին Հարութ Արթին Առաքելյանի սենսացիոն հայտարարությունը. «Իրանը քանի օր է՝ Բաքու-Նախիջևան մայրուղին, որն անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակվելուց հետո: Իրանը ոչ միայն արձագանքել է, այլև փոխադարձ քայլով փակել է ճանապարհը»։
Կարդացեք նաև
Հատկապես սոցցանցային հանրությունն այս լուրն արագորեն տարածեց՝ որպես «ապացույց», թե իրանցիները պաշտպանում են հայերի շահերը, թե իբր Իրանն Ադրբեջանի հետ իր իսկ լեզվով է խոսում, արի ու տես, որ Բերձորի միջանցքը փակելու պատասխանը իրանցիները տվեցին։
Գրիգոր Առաքելյանը ստուգել է Հարութ Արթին Առաքելյանի տարածած տեղեկության «իսկությունը» և պարզել, որ իրանցիները ոչ մի ճանապարհ էլ չեն փակել։
«Հայելի» ակումբին տված հարցազրույցի ժամանակ Արթին անվամբ ոմն իրանագետ-վերլուծաբան հայտնեց, որ Իրանը շինարարական նպատակներով փակել է Նախիջևանի ճանապարհը։ Նման տեղեկատվություն որևէ այլ իրանական աղբյուրով չի հաստատվում»,-Azg.am-ին հայտնեց Գրիգոր Առաքելյանը։