Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը անցնող տարին չի կարող համեմատել նախորդ տարիների հետ, քանի որ 2022թ.-ի մարտին է նշանակվել Սյունիքի մարզպետ, բայց 2022 թվականը բնութագրում է որպես ծանր ու ինտենսիվ աշխատանքի տարի։ Երեք առաջնահերթություն է կարեւորում՝ միասնություն, նպատակասլացություն, ազնվություն։
«Առաջինը՝ միասնություն․ սա թերեւս ամենամեծ խնդիրն էր իմ առաջ դրված, այս նպատակին հասել ենք բոլոր իմաստներով, միակ եւ կարեւոր նախապայմանը միասնական Սյունիք ունենալն է։ Ազնվությունը՝ միշտ փայփայել է պետք, ու սա անդադար պրոցես է, ընդհուպ մինչեւ տեսլական։ Նպատակասլացություն․դեռ շատ անելիքներ կան, բայց մարզպետարանում արդեն նկատելի է, որ մարզի զարգացմանն ուղղված նպատակասլացությունը աճել է»,-օրերս կայացած տարեվերջյան ասուլիսում նշել է Ռոբերտ Ղուկասյանը։
Aravot.am-ը հետաքրքրվեց մարզպետի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավորների փոխհարաբերություններով․ արդյո՞ք հաջողվել է նրանց բերել միասնության դաշտ թե՞ դեռ լարված են փոխհարաբերությունները։ Մարզպետը միֆ համարեց նման խոսակցությունները։ «Սովոր եմ այդ միֆերին ու հեքիաթներին։ Սյունիքը միասնական է բոլոր իմաստներով։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին, բոլորի հետ էլ ունենք ընկերական ու աշխատանքային շատ ջերմ հարաբերություններ»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Նա չգիտի որտեղից են նման խոսակցություններ տարածվում։ «Միայն այսօր երեք պատգամավորի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, տարբեր հարցեր ենք քննարկել»,-նշեց Սյունիքի մարզպետը։
Կարդացեք նաև
Ռոբերտ Ղուկասյանը կարծում է՝ այս օրերին Սյունիքըի իր պատմության ծանր փուլերից մեկն է անցնում, ինչի համար զգուշացնում է․ «Ցանկացած ոք կամ գործոն, որը պիտի խոչընդոտ հանդիսանա Սյունիքի միասնության եւ կայունության համար, շատ կարճ կյանք կունենա»,-իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ