Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը մեկն է՝ միջազգային հանրությունն անհապաղ գործի ու բացի կյանքի ճանապարհը. Արտեմ Վալտեր (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2022 22:02

Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 20-ին, շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ մեկնարկեց «Հանուն կյանքի ճանապարհի» քայլերթը, որի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Գորիս-Ստեփանակերտ փակ ճանապարհի վրա և պահանջել անհապաղ բացել «կյանքի ճանապարհը»:

Շոու բիզնեսի ներկայացուցիչներին միացած մի շարք քաղաքացիներ, «Բացեք, կյանքի ճանապարհ», «Մենք ենք Արցախը», «Արցախ», «Ոչ, ցեղասպանությանը» կոչերով, քայլերթով շարժվեցին դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, այնուհետև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

«Ինձ թվում է առաջին հերթին մտահոգությունն է, քանի օր է տեսնում էինք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ակցիաներ են իրականացնում, մենք էլ էինք միանում այդ ակցիային, բայց հասկացանք, որ ավելի շատ մարդկանցով, ավելի մեծ աղմուկ պետք է բարձրացնենք ու ինչքան շատ լինենք, այնքան աղմուկն ավելի մեծ է լինելու: Որքան աղմուկը շատ լինի, այնքան ձայնդ ավելի շատ է լսելի լինելու, ցավոք այսօր աղմուկից են լսում, ոչ թե շշուկից: Այդպես որոշեցինք հավաքվել ու լսելի դարձնել այն, ինչ այսօր հրատապ է , իսկ վաղը կարող է լինել շատ-շատ վտանգավոր ու անխուսափելի հետևանքներով»,-լրագրողներին ասաց դերասանուհի Թամար Պետրոսյանը, ում ծնողները, եղբայրը, հարազատներն ապրում են Արցախում:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով, իրենց ակցիան քաղաքական բնույթ չի կրում, ուստի իրենք դեպի ՀՀ կառավարություն քայլերթ չեն կատարում: «Նպատակը մեկն է՝ միջազգային հանրությունն անհապաղ գործի ու բացի կյանքի ճանապարհը, սա մարդասիրական ակցիա է, խնդրում եմ ոչ ոք չքաղաքականացնի»,-ասաց կազմակերպիչներից Արտեմ Վալտերը:

«Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ է: Արցախցին հայ է, իսկ մենք բոլորս պետք է միասնական լինենք, ու այս հարցի լուծումը, ի վերջո, տանք: Չի կարող թշնամին մեր հողում կանգնի, երգի, ու որոշի՝ մեր տեղը, թե մեր հողում չենք ապրելու»,- նշեց երգչուհի Գայա Արզումանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031