Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը

Դեկտեմբեր 20,2022 20:45

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական անցած ուղին:

Գեւորգ Պապոյանի հավաստմամբ  թեկնածուի մասնագիտական հատկանիշները բարձր մակարդակի վրա են: Ինչպես դրամավարկային քաղաքականության մշակման գործում, այնպես էլ Կենտրոնական բանկի գործունեության արդյունավետության բարձրացման գործում Արմեն Նուրբեկյանն ունի իր ուրույն դերը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածուն, շնորհակալություն հայտնելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ներկայացրել է իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում իր դերը Կենտրոնական բանկի զարգացման գործում:

Արմեն Նուրբեկյանն իր աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացրել է Կենտրոնական բանկում. սկսելով ֆինանսական կայունությունից՝ անցել է գների կայունության ոլորտ: Նա նշել է, որ այդ տարիների ընթացքում իր քաղած հիմնական դասերից մեկն այն է եղել, որ ցնցումներն ու տարատեսական շոկերը մեր կյանքի անբաժանելի մասն են:

Անդրադառնալով միջազգային գնաճին, որից անմասն չի մնացել նաեւ Հայաստանը՝ թեկնածուն հավաստիացրել է, որ Կենտրոնական բանկն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար:

Խոսելով ֆինանսական կայունությունից՝ նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկը գործողություններ է ձեռնարկել, որպեսզի մեր ֆինանսական համակարգը պատրաստ լինի տարբեր սցենարների:

Ամփոփելով իր ելույթը՝ Արմեն Նուրբեկյանը նշել է, որ հաղորդակցումն այսօր ամենակարեւոր գործիքներից մեկն է, ուստի ԿԲ-ն պետք է կարողանա հանրության համար լինել ընկալելի, կարողանա ստեղծել հետադարձ կապի մեխանիզմներ, որպեսզի ունենա առողջ երկխոսություն:

Թեկնածուն պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանին հետաքրքրել է, թե արդյո՞ք կան խթանիչ միջոցներ՝ միտված ապահովագրական դաշտը զարգացնելուն: Թեկնածուի խոսքով ապահովագրական ոլորտում որակյալ աճ ունենալու համար պետք է համոզված լինել, որ շուկայում գործում են ինստիտուցիոնալ ներդրողներ, եւ ԿԲ-ն աշխատում է հենց այդ ուղղությամբ եւս:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցը վերաբերել է արտարժույթի փոխանակման կանխիկացման եւ մուտքագրման միջնորդավճարներին: Թեկնածուն, բացատրելով ստեղված իրավիճակը, նշել է, որ էական աճել են ռիսկերը կանխիկի հետ կապված, եւ այն մասնավոր ընկերությունները, որտեղից գալիս են այդ կանխիկ միջոցները, շեշտակի բարձրացրել են գները: Նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկն ուշադիր հետեւել է, որ հակամրցակցային պայմաններ չստեղծվեն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշել է, որ ուրախ է Արմեն Նուրբեկյանի թեկնածության համար, համոզմունք է հայտնել, որ իրենց խմբակցությունը բարձրակարգ թեկնածու է ներկայացրել: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է, որ կարող են կոռեկտության եւ առողջ բանավեճի սահմաններում ընդհանուր եզրեր գտնել:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031