Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Չուրախանա՞նք Արգենտինայի հաղթանակով, դրանո՞վ էլ տխրենք». Գուրգեն Արսենյանը՝ Արցախը թողած՝ ԱԺ-ում Մեսսիին շնորհավորելու մասին

Դեկտեմբեր 20,2022 19:55

«Թույլ տվեք այս ամբիոնից ջերմորեն շնորհավորել Արգենտինայի ժողովրդին՝ իրենց հավաքականի՝ աշխարհի չեմպիոն դառնալու առիթով, շնորհավորել Մեսսիի միլիոնավոր երկրպագուներին՝ իրենց սպասումներն արդարացված լինելու համար»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նրա ելույթի ժամանակ ԱԺ միջանցքում ֆուտբոլասերները հիացած, մյուսները առնվազն տարակուսած էին՝ մարդիկ ցույցեր են անում միջազգային կառույցների մոտ Արցախի հումանիտար աղետը լուծելու համար, Արսենյանն ԱԺ-ից ջերմորեն շնորհավորում է Արգենտինային ու Մեսսիի հետեւորդներին:

Aravot.am-ի հետ զրույցում Գուրգեն Արսենյանը այսպես բացատրեց իր հայտարարությունը. «30 տարվա Լեո Մեսսիի երկրպագուն եմ»: Ճշտեցինք՝ խաղադրո՞ւյք էր կատարել, անձնական հետաքրքրվածությունը դրանո՞վ էր պայմանավորված՝ նա պատասխանեց. «Սխալ է թվացել: 30 տարվա երկրպագուն եմ Մեսսիի, իր խաղի, գործունեության եւ նաեւ մարդկային տեսակի: Մեծագույն սպորտսմեն է, որը մնացած բոլոր սպորտսմենների համար ծառայում է օրինակ, նաեւ երիտասարդության համար»: Երբ հակադրվեցինք, որ կա տեսակետ, որ ավելի արդարացված կլիներ Մբապեին շնորհեին այդ մրցանակը՝ Արսենյանը պատասխանեց. «Մբապեի երկրպագուները թող շնորհավորեն Մբապեին»:

Երբ ասացինք ձեր հայտարարությունը կարող է սխալ ընկալվել հանրային լայն հատվածի կողմից՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում ներկայումս Արցախում, ինչ աղետի առաջ են մարդիկ՝ Արսենյանը պատասխանեց. «Աշխարհի չեմպիոնատի իրականացումը եւ ֆուտբոլային խաղերի փաստը որեւէ կերպ չի հատվում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Հուսով եմ, որ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ նույնպես հետեւել են Արցախում այդ իրադարձությանը, հաճույք են ստացել այդ առաջնությունից, գոռացել են, երբ որ գոլեր են խփվել, տխրել են, երբ որ իրենց թիմն է բաց թողել գոլ»:

Հիշեցրինք, որ երբ ֆուտբոլի առաջնության հետ կապված նկար էր հրապարակել վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, դա բուռն քննադատության տեղիք տվեց, որ Արցախում տեսեք ինչ է կատարվում, իսկ դուք նստած ֆուտբոլ եք նայում՝ Արսենյանը պատասխանեց. «Ես ոչ մի քննադատական գործողություն չեմ արել, երբ տեսել եմ մի լուսանկար, որը վերաբերում է մարդու կողմից մի սովորական պրոցեսի՝ աշխարհի առաջնությանը հետեւելուն: Պետք է լինել մի քիչ ավելի սթափ, մի քիչ ավելի ռացիոնալ, մի քիչ էլ այդ հուզական մասը դնել մի կողմի վրա: Աշխարհի առաջնություն  ընթանում, որը համամարդկային միջոցառում է՝ Երկիր մոլորակի ժողովուրդների հավաքականների կողմից որոշվում է, թե ով է ամենալավը այս պահին, չուրախանա՞նք դրանով, դրանո՞վ էլ տխրենք»:

Հարցին՝ այսինքն կարծում եք, մնացած տեսակետները զուտ էմոցիոնա՞լ են, պահի թելադրա՞նք՝ նա պատասխանեց.  «Մնացած տեսակետները շահարկում են, դա ընդամենը մանիպուլյացիա է, որովհետեւ որեւէ կապ մեկը մյուսի հետ չի կարող ունենալ: Դա նույնն է, որ եթե մի հատ ուրիշ լուսանկար տպվի, որտեղ պետական որեւէ պաշտոնյա նախաճաշում է, փոթորիկ բարձրացնեն, թե տեսեք, պետական պաշտոնյան նախաճաշում է, ի՞նչ իրավունքով»: Շարունակեցինք միտքը նախաճաշում է, երբ արցախահայերը զրկված են սննդից՝ Արսենյանը հակադարձեց. «Չէ, արցախահայերը սննդից զրկված չեն, ջրից զրկված չեն, հոսանքից զրկված չեն: Մի ծայրահեղացրեք վիճակը, որովհետեւ հենց մենք սկսում ենք այստեղ ծայրահեղացնել վիճակը, այն մարդիկ այնտեղ ընկնում են պանիկայի մեջ՝ չնայած նրան, որ այդ խնդիրը չկա, պանիկայի հիմքերը չկան: Մեր այստեղի աղմուկի ձայնից իրենք սկսում են վախենալ այնտեղ: Հարյուր անգամ ասել եմ՝ Արցախի հետ կապված խնդիրներին զգույշ մոտեցեք: Արցախի մասին խոսալուց հիշեք, որ այդ խոսակցության արձագանքը ուրիշ տեղից է գալու: Հիմա խոսում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից, Արգենտինայի՝ չեմպիոն դառնալուց եւ ոչ թե Արցախի խնդիրներից: Ես գտնում եմ, որ ՀՀ ԱԺ-ի պատգամավորը պետք է այն երկրի ժողովրդին, որը դառել է չեմպիոն, շնորհավորի, որովհետեւ մի քիչ տարօրինակ է հնչում, ամեն ինչի մասին խոսացինք, այդ երկրի ժողովրդին մի բերան ոչինչ չասեցինք»:

Ճշտեցինք բա մե՞զ երբ են շնորհավորելու հաղթանակների կապակցությամբ Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Ո՞ր հաղթանակների, օրինակ, շախմատի օլիմպիադային հենց կհաղթենք կշնորհավորեն, որովհետեւ ես չեմ կարծում, որ մենք ջրի գնդակի աշխարհի չեմպիոն ենք դառնալու»:

Հիշեցրինք Փաշինյանի խոսքերը, որ ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը, մինչև 2050թ. պետք է դառնա աշխարհի և կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր՝ Արսենյանը պատասխանեց. «Դա ցանկություն է հռչակած, որովհետեւ այդ «պիտի»-ի համար դու պիտի հաղթես բոլորին, մինչեւ հաղթելը պետք է խաղացողներ ունենաս: Այդ խաղացողների համար պետք է  ունենաս մանկապատանեկան ֆուտբոլ, որը պետք է ղեկավարեն մասնագետները: Մեր երկրի սպորտի մասնագիտական որակները շատ հեռու են բավարար լինելուց: Մերը հույզեր, ցանկություններ են, երբ որ դուրս գանք կեղծ իրականությունից, կարող ենք խնդիրներ լուծենք: Պետք է դուրս գանք կեղծ թեզերից, կեղծ տրամաբանությունից, կեղծ կյանքից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031