Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմում ենք ՄԱԿ-ին և պահանջում միջազգային մեխանիզմների գործարկմամբ ապաշրջափակել ինքնորոշման իրավունք ունեցող Արցախի Հանրապետությունը»․ հայաստանաբնակ արցախցիներ

Դեկտեմբեր 20,2022 18:30

«Մենք՝ հայաստանաբնակ հարյուր հազարավոր արցախցիների ներկայացուցիչներս, դիմում ենք ՄԱԿ-ին և պահանջում խտրականություն չդնել ազգերի, ժողովուրդների, պետությունների և պետականությունների միջև և միջազգային մեխանիզմների գործարկմամբ ապաշրջափակել ինքնորոշման իրավունք ունեցող Արցախի Հանրապետությունը»,- քիչ առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հայտարարեց արմատներով արցախցի, հայաստանաբնակ Վանյա Բարսեղյանը։

Նա տեղեկացրեց՝ իրենց հայտարարությունը նամակով արդեն փոխանցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին։

Հայտարարության մեջ մասնավորապես ամրագրված է․ «Արցախի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից՝ համաձայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի։ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ։ Արցախի իշխանությունները ստիպված հատուկ ռեժիմ են սահմանել էներգակիրների համակարգում և առողջապահական համակարգում։ Արդեն իսկ կան ծանր դեպքեր, երբ հիվանդների հետագա բուժումը պետք է շարունակվի կամ Երևանում կամ արտերկրում, որը, սակայն, շրջափակման պայմաններում անհնարին է։ Վերջացել կամ սպառվելու վրա են առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղամիջոցները։ Արցախի 1100 քաղաքացիներ, որոնցից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունեն։ Ադրբեջանի այս վարքագիծը հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Արցախի էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակության մասին»։

Արցախցիները նաև պնդում են, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները, նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները՝ այդ թվում ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի իրականացումը, որոնք առանցքային են տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղ համակեցության համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031