Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը

Դեկտեմբեր 20,2022 18:04

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի եւ Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները:

Հարցն ԱԺ դեկտեմբերի 20-ի արտահերթ նստաշրջանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Արման Թովմասյանի , Վահագն Թորոսյանի եւ Արգիշտի Ղազարյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Թեկնածու Արման Թովմասյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ իր տեսլականը: Զեկուցողը կարեւորել է օրենսդրական փոփոխությունների արդյունքում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը: Անդրադառնալով ոլորտի ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներին` Արման Թովմասյանը կարծիք է հայտնել, որ դրանց ճիշտ լուծումը թույլ կտա բարձրացնել վարչական արդարադատության համակարգի արդյունավետությունը մեր երկրում: «Մեր օրերում շրջանառվող առաջին ու հիմնական խնդիրը դատական համակարգում մասնագիտացված դատարանների գերծանրաբեռնվածությունն է, ինչն էլ որոշ դեպքերում վարչական դատարանի հասցեին հնչող հիմնական քննադատության պատճառն է. այն է` գործերի քննության ժամկետների տեւողությունը»,- ընդգծել է թեկնածուն եւ հավելել, որ նշված խնդրի լուծման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են առաջարկվում եւ ներկայումս իրականացվում` կապված դատավորների թվաքանակի ավելացման, գործերի քննության գրավոր ընթացակարգի ներդրման եւ այլնի հետ: Զեկուցողի կարծիքով վարչական արդարադատության ոլորտում դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը պետք է նաեւ դիտարկել դրա առաջացումը պայմանավորող գործոնների վերհանմամբ, որոնց վերացման ուղղությամբ ճիշտ քայլերի ձեռնարկումը կարող է նպաստել խնդրի կարգավորմանը:

«Մեր երկրում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Այս ամենից անմասն չի մնում նաեւ դատական իշխանությունը, որի բարեփոխմանն ուղղված միջոցառումները պահանջում են վերանայել դատարաններին ու արդարադատությանը վերաբերող բազմաթիվ մոտեցումներ ու դիրքորոշումներ»,- ընդգծել է հաջորդ թեկնածու Վահագն Թորոսյանը: Նրա խոսքով թեեւ այժմ վարչական արդարադատությունը որոշակիորեն կայացած համակարգ է, այնուամենայնիվ, ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք համարձակ եւ արմատական լուծումների կարիք ունեն: «Գաղտնիք չէ, որ դատարաններում, այդ թվում` վարչական մասնագիտացմամբ, առկա է գերծանրաբեռնվածության խնդիր, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գործերի քննության անհարկի ձգձգումների: Այս խնդիրը բազմակողմանի ուսումնասիրության եւ համակարգային լուծման կարիք ունի: Կարծում եմ, որ քննվող բողոքների եւ գործերի քանակի աճը միայն վարչական դատարանի նկատմամբ վերջին տարիներին ձեւավորված վստահության արդյունք չէ»,- նշել է թեկնածուն: Խոսելով վարչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ օրինականության սկզբունքի արմատավորման մասին` Վահագն Թորոսյանը կարեւոր է համարել, որ վարչարարության իրականացման գործընթացում վարչական մարմինների կողմից պարտադիր կերպով հիմք ընդունվեն վարչական գործերով Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկան:

Թեկնածու Արգիշտի Ղազարյանը նշել է, որ համաձայն է նախորդ թեկնածուների բարձրաձայնած մտահոգությունների հետ, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ վարչական դատարաններում ոչ իրավաչափ որոշումների եւ ոչ հիմնավոր դատական ակտերի կայացման հիմնական պատճառը ժամանակի սղությունն է եւ գերծանրաբեռնվածությունը: «Այն ծանրաբեռնվածությամբ, որով հիմա աշխատում են դատարանները, ուղղակի անհնար է պատկերացնել բազմակողմանի ու անաչառ քննություն»,- ընդգծել է պատգամավորը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա անդրադարձել է նիստին ընդդիմադիր գործընկերների չմասնակցելուն: Խմբակցության ղեկավարը կարեւորել է ԱԺ ամբիոնից թեկնածուների ոչ միայն մասնագիտական դիտարկումների ներկայացումը, այլեւ իրավունքի փիլիսոփայության վերաբերյալ անդրադարձը: «Այս ամբիոնը լավ հնարավորություն է նաեւ, որպեսզի դատական իշխանությունը հասարակության հետ երկխոսի»,- ընդգծել է պատգամավորը: Նրա խոսքով հանրության շրջանում կա դատական իշխանության հեղինակության հարց, եւ ԱԺ ամբիոնը, ըստ նրա, քաղաքացու հետ երկխոսելու լավագույն հնարավորությունն է:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031