«Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը «Հենարան» ակումբում խոսեց Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը արդեն ինը օր փակ լինելու, ինչպես նաեւ «Խաղաղության դարաշրջանի» սպառնալիքների մասին:
«Ադրբեջանն աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում, որովհետեւ իր համար նպաստավոր պայմաններ են: Սակայն եթե մենք ունենայինք շատ թե քիչ հայրենասեր եւ պետականամետ ղեկավարություն, այս վիճակը չէր ստեղծվի:
Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիան մեր երազանքի փաստաթուղթը չէր: Դրանից անցել է երկու տարի եւ անհաջողությունները կրկնապատկվել, եռապատկվել են: Անգամ այդ ծանր վիճակում եթե երկրի ղեկավարը լիներ այլ մեկը, հնարավոր կլիներ խուսափել այս աղետաբեր զարգացումներից:
Այս վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ իշխանական պատգամավորները եւ մյուս ներկայացուցիչները բազմիցս թուրքամետ տարբեր հայտարարություններ են արել՝ ասելով, թե Արցախը Հայաստանի համար բեռ է, կառչած է Հայաստանի ոտքերից, Հայաստանի պետականությանը խանգարում է Արցախի հարցը եւ այլն: Դրանք ուղերձներ են ադրբեջանցիներին եւ թուրքերին, որպեսզի նրանք ավարտին հասցնեն իրենց պլանները:
Կարդացեք նաև
Ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելն էլ բարոյական չէ, որովհետեւ Արցախը Հայաստանի հպարտությունն է, Հայաստանի սահմաններն ապահովող պատնեշը: Եվ եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը Արցախի հասցեին նման հայտարարություններ է անում, իրավունք չունի բողոքել որեւէ երրորդ երկրից, կամ դրա ղեկավարից: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես է դասավորվել, որ Ռուսաստանը հիմա պատերազմում է Ուկրաինայի հետ եւ իրեն էլ ծանր օրեր են բաժին ընկել: Եթե Ռուսաստանի սահմանները լինեին խաղաղ, ապա այն իրավիճակը, որում ենք մենք այսօր, բավականին այլ կլիներ:
Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին», խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեզ մեկ տարուց ավելի, կերակրում են կեղծ թեզով, թե Թուրքիան, Ադրբեջանը մեզ թշնամի չէ, հարեւան է, պետք չէ տարածքային նկրտումներ ունենալ, հարկավոր է տնտեսական հարաբերություններ սկսել, որը կբերի «խաղաղության դարաշրջան»: Այս ամենը սուտ է, որովհետեւ այդ «խաղաղության դարաշրջանի» քողի տակ պարզապես, թաքնված են Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, իշխանության նեղ անձնական շահերը, որոնք պետության, պետականության, հայ ազգի շահերի հետ բացարձակապես չեն համընկնում: Այս մասին այնքան է ասվել, որ նորից խոսելն արդեն իսկ ամոթ է: Եվ խնդրի միակ լուծումը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Նա եւ իր իշխանությունը պետք է հեռանան, որպեսզի բոլոր խնդիրները, որոնք թրի պես կախվել են ժողովրդի գլխին, լուծվեն»,-ասաց Աշոտ Անդրեասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ