Դեռեւս դեկտեմբերի սկզբին Aravot.am-ը ՀՀ կառավարությանը հարցում էր ուղարկել՝ հետեւյալ բովանդակությամբ. «Դեկտեմբերի մեկին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին: Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծի 7-րդ հոդվածում գրված է. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ)»: Դեկտեմբերի մեկին ընդունված լրամշակված տարբերակում նույն հոդվածում գրված է. «Լեռնային Ղարաբաղին սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է…»: Փաստացի, երկու ամիս անց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում «Արցախի Հանրապետությունը» փոխարինվել է «Լեռնային Ղարաբաղ»-ով։ Խնդրում եմ պարզաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը, ինչո՞վ է դա բացատրվում»(հարցման ավարտը)։
Հարցմանը պատասխանելու օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտմամբ կառավարությունից էլեկտրոնային նամակ ստացանք այն մասին, որ մեր հարցումը վերահասցեագրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ ԱԳՆ-ից օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ օրերս ստացանք հարցման պատասխանը, եթե կարելի է այն «պատասխան» անվանել։ Դրանում միայն գրված է․ «Տեղեկացնում ենք, որ «ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի մասին» օրենքում գործածված ձեւակերպումները հիմնված են ՀՀ կառավարության 2021-26թթ․ ծրագրի վրա»։ Հարցը բաց է մնում՝ ո՞վ եւ ինչո՞ւ է կարճ ժամանակ անց սրբագրել նշյալ եզրույթը։
Այնուամենայնիվ, պարզելու համար, թե ինչ նկատի ունեն, ՀՀ կառավարության կայքում տեղադրված՝ կառավարության 2021-26թթ․ ծրագրի ուսումնասիրության արդյունքում նկատում ենք․
-«Արցախ»-ը կիրառված է առանց «հանրապետության»։
Կարդացեք նաև
-«Լեռնային Ղարաբաղ» եզրույթը եւս կիրառված է առանց «հանրապետության»։
Ակնհայտ է, որ ամիսների տարբերությամբ, մասնավորապես՝ սեպտեմբերին, կառավարության համար Արցախը «հանրապետություն» էր, իսկ կարճ ժամանակ անց՝ «Լեռնային Ղարաբաղ»՝ առանց «հանրապետության»։ Սակայն այս քաղաքականության արմատներն ամիսներով չեն սահմանափակվում։
ՀՀ կառավարության ծրագրի 2020թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում 11 անգամ Արցախն, այդ թվում հիշատակվում է որպես Արցախի հանրապետություն։ Իսկ կառավարության 2019թ․-ի ծրագրում եւ դրա կատարման ընթացքի մասին զեկույցում «հանրապետություն» բառն Արցախի կողքից կրկին բացակայում է։ Իշխանափոխության տարվա՝ 2018թ․-ի կառավարության ծրագրի կատարման մասին զեկույցում «Արցախի»-ից հետո կրկին բացակայում է «հանրապետությունը»․ ընդ որում, ԼՂ հիմնախնդրի լուծման տարբերակը ժողովրդի առաջ Հանրապետության հրապարակում քննարկել խոստացող Նիկոլ Փաշինյանի կառավարության նույն տարվա ծրագրում գրված է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»։
Մինչդեռ 2020թ․-ի պատերազմից հետո եւ վերջին մեկ տարում հատկապես Բրյուսելի եւ Մոսկվայի հովանու ներքո ընթացող հանդիպումների հայտարարություններում անգամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը չկա, էլ չասած՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին․ իշխանության պաշտոնյաներն անգամ խուսափում են «Արցախի հանրապետություն» կամ «ԼՂ հանրապետություն» եզրույթներն օգտագործել, չեն հիշատակում ոչ մի հիմնավորում, որ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում անընդունելի է․ որեւէ ձեւաչափով չեն շեշտում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Արցախի անկախ կարգավիճակի մասին, եւ այս ամենին զուգահեռ վստահեցնում են, թե ձեռքերը չեն լվացել Արցախից։
Համեմատության համար նշենք, որ կառավարության 2017թ․-ի ծրագրում Արցախը հիշատակվում է որպես հանրապետություն, եւ հարցը միայն եզրույթով չէր սահմանափակվում։ Հայկական բանակցային կողմի համար ինքնորոշման իրավունքը եւ Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելը կարմիր գծեր էինք, որոնց մասին խոսվում էր միջազգային բարձր հարթակներից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2021թ․-ի նախընտրական ծրագրում Արցախն, այդ թվում հիշատակվում է որպես հանրապետություն։ Նաեւ գրված է․ «Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»։ Ստացվո՞ւմ է, որ կառավարությունը հրաժարվում է հենց իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագրում ամրագրվածից։
Ավելին՝ այս ամրագրումներից կարճ ժամանակ անց ՔՊ-ականները հրաժարվում են սեփական նախընտրական ծրագրում նշված եզրույթները կիրառել՝ դիրքորոշում հայտնել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմամբ է հնարավոր հակամարտության վերջնական կարգավորում։
Հիշենք, որ դեկտեմբերի երկուսին ԱԺ արտահերթ նիստում «Արցախի հանրապետություն» եզրույթի հետ կապված նույն պատմությունը կրկնվեց․ ՔՊ-ն դեմ արտահայտվեց ԱԺ հայտարարության նախագծում «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն․ վերջին երկուսը դրույթներ են, որոնք, ինչպես տեսանք, ամրագրված են ՔՊ-ի նախընտրական ծրագրում։
Ուշագրավ է, որ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե նման դրույթները համահունչ չեն իրենց պատկերացումներին․ «Ցավոք, միջազգային հանրության ընկալումները նախկինում տեղի ունեցածի մասին չեն փոխվել։ Ադրբեջանը դրանք արդյունավետ օգտագործել է։ Մեր նպատակն է՝ շրջել այդ «մեկուսացման անիվը» եւ ՀՀ-ի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ խոսելով եւ օգտագործելով այնպիսի տերմինաբանություն, որոնք ընկալելի եւ ընդունելի են միջազգային հանրության համար»։
Այստեղ շեշտենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021թ․-ի նախընտրական ծրագրում նաեւ ամրագրված է․ «Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»։
Ստացվո՞ւմ է, որ իշխանությունը հրաժարվում է իրենց իսկ նախընտրական ծրագրով ամրագրված սկզբունքներից։ Կամ, ՔՊ-ն այսպես փաստո՞ւմ է արդյոք, որ հրաժարվում է ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պարտավորությունից՝ իրավիճակը մատուցելով «միջազգային կոնսոլիդացիա»-ի անվան տակ, կամ ենթադրյալ «խաղաղության օրակարգն» առաջ է մղում Արցախի ինքնորոշման իրավունքի հաշվին՝ դրա բոլոր հետեւանքներով։
Էլ չասած՝ իշխանականները պատասխան չունեն, երբ հարցնում ենք, թե ինչպե՞ս հասկանանք, որ մինչեւ 2018թ․-ը, օրինակ, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ՀՀ ղեկավարը խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի՝ կարմիր գիծ լինելու մասին, եւ դա արվում էր «ԼՂ հանրապետություն» եզրույթի կիրառմամբ, իսկ իրենք հիմա խուսափում են որեւէ ձեւաչափով այդ եզրույթները եւ դրանցից բխող դիրքորոշումները կիրառել։ Ի՞նչ փոխվեց 2018թ․-ից հետո, որ միջազգային հանրությունը սկսեց «խրտնել» «Արցախի ինքնորոշման իրավունք» եւ «ԼՂ հանրապետություն» եզրույթներից։ 2018թ․-ից հետո ի՞նչ արեց այս իշխանությունը, որ միջազգային հանրությունը հանկարծ որոշեց իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր պատկերացումների նշաձողը, եւ ինչպե՞ս է ստացվում, որ մինչեւ 2018թ․-նն այդ նշաձողը չէր իջնում։
Սրանք հարցեր են, որոնք մաս են իշխանության ղեկավարի՝ անտրամաբանական պնդումների շղթայի․ օրինակ, որ «լուծումը պետք է ձեռնտու լինի ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդներին», որ «բանակցում եմ սեփական՝ զրոյական կետից» կամ ավելի «հստակ»՝ «ոնց ուզում, ըտենց էլ բանակցում ենք»․․․փաստացի, բանակցեցին այնպես եւ այնպիսի կետից, որ մի օր խոստովանեցին՝ «այո, կարող էինք կանգնեցնել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ