Այսօր ԱԺ-ում լրագրողները ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին հարցրեցին՝ ՔՊ-ն շաբաթ-կիրակին անցկացրեց Ջերմուկում, մի քանի կմ այն կողմ էր անցակետը, որտեղ մեքենաները կուտակված էին, որտեղ տարեց, երեխա, գիշերում են մեքենաների մեջ, որպես իշխանության ներկայացուցիչներ հնարավոր չէ՞ր գնալ, տեսնել, գոնե հոգեբանորեն աջակցեիք, հյուրանոցում եք եղել՝ նա պատասխանեց. «Ոչ միայն հյուրանոցում, շատ տեղեր եմ եղել եւ իմ եղած տեղերը պետք էլ չի այդքան լուսաբանել: Պարտավոր էի այնտեղ գտնվել, որտեղ գտնվել եմ: Ինչ վերաբերում է, թե ինչու ենք Ջերմուկում անցկացրել, շատ լավ ենք արել: Մի քանի օր առաջ ԱԺ-ում հայտարարություն եմ արել ու հորդորել եմ, որ բոլոր արտագնա նիստերը, ժողովները, քննարկումները իրականացվեն Գորիսում կամ Ջերմուկում…Ես գտնում եմ, որ հայրենասիրության դրսեւորում է նաեւ, որ այսօր բոլորը, սկսած տնտեսվարողներից, վերջացրած մեր քաղաքացիներից, քաղաքական մեր թեւերի բոլոր ներկայացուցիչներից հնարավորինս շատ գտնվեն այն բնակավայրերում, որոնք տուժել են 13-ից սկսած»:
Հարցին՝ իսկ արտագնա նիստեր Արցախում չե՞ք ուզում անել՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ, Արցախում արտագնա նիստեր չենք անցկացնելու»: Ճշտեցին այլեւս Արցախը Հայաստան չէ եւ վե՞րջ՝ նա պատասխանեց. «Արցախում այն, ինչը չի բխում այս պահի դրությամբ Արցախի եւ ՀՀ-ի շահերից, ձեռնպահ ենք մնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ