Իշխանական պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում են, որ Լաչինի միջանցքի փակման համար ռուս խաղաղապահներն են մեղավոր, այդ տարածքը ՌԴ-ի վերահսկողության գոտում է, սլաքներն ամբողջությամբ ուղղում են ռուսների կողմը, լավ, բա հայկական կողմը պատասխանատվության իր մասնաբաժինը չունի՞, չէ՞ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նաեւ հայկական կողմն է ստորագրել, այդ ստորագրությամբ որեւէ պատասխանատվություն դուք չունե՞ք. այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին: Նա պատասխանեց. «Այդ ստորագրությունը դրվել է մի փաստաթղթի տակ, որտեղ նշված է, որ Ադրբեջանը, ՌԴ-ն եւ ՀՀ-ն համաձայն են, որ Լաչինի միջանցքի ողջ անվտանգությունը ու վերահսկողությունը հանձնվում է ՌԴ-ին խաղաղապահ ուժերին: Այ սրա համար ՀՀ-ն ստորագրել է, բացի դրանից, ներկայումս ՀՀ-ն անում է ամեն ինչ, ինչը հնարավոր է, ողջամիտ է»:
Երբ ճշտեցին՝ այդ «ամեն ինչի» տակ ի՞նչ է մտնում՝ նա պատասխանեց. «Եթե ընդդիմությունը ունի այլ տարբերակներ եւ առաջարկներ, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը, ես ուղղակի կոչ եմ անում նշել, թե կոնկրետ ի՞նչ գործողություն այս պահին պետք է անի ՀՀ կառավարությունը»:
Փոխանցեցինք՝ նշում են, ասում են գնացեք, կգան մարդիկ, որոնք կարող են դա անել՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ, դա ողջամիտ առաջարկություն չէ, թող ողջամիտ տակտիկական առաջարկություն անեն․ ի՞նչ անենք, որ Լաչինի միջանցքը բացվի: Ի՞նչ են առաջարկում զորք հավաքենք եւ գնանք կռվե՞նք, այո՞: Ընդդիմության ասածն անուղղակի սա՞ է նշանակում, եթե համարձակություն ունեն այսքանն ասեն, թող ասեն»:
Հարցին՝ իշխանություն այս պահին ի՞նչ է անում, որ միջանցքը բացվի՝ նա պատասխանեց, որ միջազգային հանրությանն են ներգրավում այս գործընթացի մեջ. «Ամեն ինչ արվում է ՌԴ խաղաղապահ ուժերին հորդորելու, որ իրենց առջեւ դրված խնդիրը հնարավորինս արագ լուծեն: Հիմա տեսնենք, թե ՌԴ խաղաղապահ ուժերը ոնց են փորձելու այդ հարցը լուծել, որովհետեւ նրանց լուծելու հարցն է: Այդ խնդիրը, այդ համաձայնագիրը, պարտավորությունը ստորագրված է երեք պետությունների կողմից, նրանք պետք է լուծեն այդ հարցը, բայց, իհարկե, ՀՀ-ն ձեռքերը ծալած չի նստում եւ բազմաթիվ ուղղություններով աշխատում է՝ սկսած դրսում քաղաքացիներից, ովքեր չեն կարողացել վերադառնալ Արցախ, նրանց տեղավորելով, կենցաղային մի շարք հարցերը լուծելով»: Մեր զարմանքին դա՞ էլ չանեիք, նվազագույնն է, որ պետք է անեիք նա պատասխանեց, որ դա անում են բարձր մակարդակով. «Բայց գնդակը ՌԴ խաղաղապահ ուժերի դաշտում է եւ նրանք պետք է այդ խնդիրը լուծեն»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, լավ, ՌԴ-ն լավ չի անում, գնդակը խփել եք, հետ չի գցում, արցախահայերին պետք է թողնե՞ք՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Լավ չեն անում, պետք է ստիպենք, որ անեն: Լավ, ի՞նչ եք առաջարկում»: Առաջարկեցինք՝ եթե չեք կարողանում, հանձնեք ձեր մանդատները, գնացեք, կգա այն մեկը, որը կարողանում է անել՝ պատգամավորը պատասխանեց. «Ո՞նց է կարողանալու, երբ որ իմանաք՝ կասեք»: Դիտարկմանը, որ հերիք չի քաղաքացին ձեզ իշխանություն է տվել, մի հատ էլ ձե՞ւը ասի խնդիրները լուծելու Խաչատրյանը պատասխանեց. «Քաղաքացին մեզ իշխանություն է տվել, բայց ՀՀ որեւէ քաղաքացի չի կարող կանխատեսել, թե հարեւան պետությունը ինչ գործողությունների կդիմի, ոնց կհարձակվի եւ ինչ ուժերով կհարձակվի: Այսօր գերտերությունների կողմից են այդ հարձակումները կազմակերպվում եւ իրականացվում, իսկ ՀՀ-ն անում է այն, ինչ իր ռեսուրսների սահմաններում է: Պետք է բարձրացնել երկրի պաշտպանական ռեսուրսները, դիմադրողականությունը, անում ենք եւ բավականին հաջող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ