69 «կողմ», 28 «դեմ» եւ ոչ մի «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն ընդունեց «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Ինչպես իր ելույթում ներկայացրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, այն կլինի վարչապետին ենթակա գերատեսչական մարմին։ «Հայաստանում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է ձեւավորել հետախուզական հանրույթ»,- ասաց նա:
Ծառայությունը ԱՀԾ-ում չի համարվելու զինվորական ծառայություն, այն կստեղծի ավելի լայն հնարավորություններ մասնագետների ներգրավելու համար, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նաեւ կդառնա Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամ: Օրենսդրական փաթեթի համաձայն՝ ԱՀԾ ղեկավարը, վարչապետի հետ համաձայնեցմամբ, կհաստատի հատուկ տեխնիկական միջոցների ցանկը, որոնք օգտագործվելու են համապատասխան նպատակներով։ Ընդ որում՝ այդ հատուկ միջոցների օգտագործումն այլ պետական մարմիների, ինչպես նաեւ ստորաբաժանումների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից, որոնք ներառված չեն արտաքին հետախուզությունում, կարգելվի։ ԱՀԾ-ից զատ, արտաքին հետախուզություն կշարունակեն իրականացնել պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները. դա կհամարվի զինվորական ծառայություն։
Օրենսդրական փաթեթով սահմանվում է նաեւ գործակալական ցանցերի ստեղծման եւ ձեւավորման կարգը։ Մասնավորապես, թույլատրվում է որպես այդպիսին ներգրավել չափահաս մարդկանց։ Ընդ որում՝ կարգելվի որպես համագործակցող անձ ներգրավել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, դատավորներին, դատախազներին եւ հանրապետության օմբուդսմենին։ ԱՀԾ-ն իրավունք ունի թաքցնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են շինություններին եւ տրանսպորտային միջոցներին՝ կապված կազմակերպության, պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի ստորաբաժանումների, ինչպես նաեւ այն անձանց գործունեության հետ, որոնք համագործակցում են ծառայության հետ։ Ամբողջ տեղեկատվությունը կկոդավորվի եւ կմտցվի պետական տեղեկատվական համակարգեր:
Կարդացեք նաև
ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում հայտարարեց, որ այս կառույցը պետք էր ստեղծել դեռ Հայաստանի անկախացման պահին, սակայն չարվեց:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները «դեմ» քվեարկեցին
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց նաեւ, որ մյուս հարցերին, որոնք վերաբերվում են ՀՀ վճռաբեկ դատարանի երեք դատավորների եւ ԿԲ նախագահի տեղակալի ընտրությունների հարցերին, իրենք չեն մասնակցի, քանի որ «մեկ քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ