Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ից ռազմական տեխնիկան տրվում է, որ ի՞նչ անենք մենք…ինչի՞ համար են օգնություն տալիս, այդ օգնությունը ո՞նց կիրառի». Արմեն Խաչատրյանը Զասի հայտարարության մասին

Դեկտեմբեր 20,2022 16:13

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին տրվելիք օգնությանն անդրադառնալիս ասել էր. «Մանրամասներ, իհարկե, բացահայտել չեմ կարող, քանի որ նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեեւ հայկական կողմը ՀԱՊԿ–ին տվյալներ էր փոխանցել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին»: Նա նաեւ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ամբողջությամբ իր պարտականություններն արել է ու հայկական կողմը պետք է ընդուներ:

Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի կողմից գնահատական չի տրվել Ադրբեջանի օկուպացիոն գործողություններին, մյուս գործողությունները դրանից պետք է բխեին. «Եթե դա չի արվել, միանշանակ է, որ մնացած քննարկումներն ու ինչ-որ բաների համաձայնելը տեղին չէ»:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները չի կատարել. «Պետք է նախ գնահատական տրվեր Ադրբեջանի գործողություններին, հայտարարություն աներ, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը ագրեսոր է ու յուրացրել է ՀՀ տարածքը, որին պետք է հետեւեր ռազմական եւ այլ օգնությունը: Իսկ հիմա ի՞նչ օգնության մասին կարող է խոսք լինել, օգնությունը տալիս են, որ ի՞նչ անենք եւ ի՞նչ հարց լուծենք: Ռազմական տեխնիկան տրվում է, որ ի՞նչ անենք մենք: Ես վստահություն չունեմ, որ զենք պիտի տային, գուցե հումանիտար օգնության մասին էր՝ գուցե սնունդ եւ այլն, բայց եթե գնահատական չի տրվում, ինչի՞ համար են օգնություն տալիս Հայաստանին, ո՞ւմ դեմ պայքարի Հայաստանը, այդ օգնությունը ո՞նց կիրառի»:

Մեր դիտարկմանը՝ Ստանիսլավ Զասը վստահեցրել է, որ ռազմական օգնություն էր նախատեսվում այդ փակ, գաղտնի փաստաթղթով, Հայաստանն էլ զենքերի իր ունեցած կարիքների ցուցակը ներկայացրել է, մեզ զենք պետք չէ՞ր, չէինք կարո՞ղ ռուսական զենքը վերցնել ու կռվել թշնամու դեմ, ի վերջո ինքնիշխան երկիր ենք՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք զենքի անհրաժեշտություն շատ ունենք եւ այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը բավականին գործուն քայլեր է իրականացնում, այդ թվում՝ ՌԴ-ի հետ: Անկախ նրանից, թե Զասը ինչ է հայտարարում, կամ չի հայտարարում, եթե այն պայմանագրերը, որ կան, ի գործ դրվեն, դա արդեն Հայաստանի համար մեծ ձեռքբերում կլինի: Կրկնում եմ, վստահ չեմ, որ որեւէ ռեալ, տեսանելի ռազմական օգնություն պետք է լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031