Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«30 տարի Արցախի ճանաչման հարց ինչի՞ չէիք դրել, դնեիք». խորհրդարանում կրքերը բորբոքվեցին

Դեկտեմբեր 20,2022 15:42

ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով իշխանական պատգամավորների այն պնդումներին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի պատասխանատուն ՌԴ-ն է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մանրամասնեց՝ կա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ եւ այդ ճանապարհի մի փոքր հատված, որը կոչվում է Լաչինի միջանցք. «Լաչինի միջանցքը, մինչեւ նոր փոփոխությունները, 10 կիլոմետրի չափ էր, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ 100 կիլոմետրի չափ, թուրքերը փակել են ճանապարհը ոչ թե Բերձորի մոտակայքում, այլ Ղարաբաղի ներսում՝ Շուշի-Քարինտակ հատվածում. Լիսագորից սկսած՝ արդեն որոշակի խնդիրներ կան, բայց թուրքերը վրանները դրել են Գորիսից բավականին հեռու: Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում, ասում եք՝ էդ ամբողջ ճանապարհը՝ Գորիսից-Ստեփանակերտ, դա՞ է ռուսական վերահսկողության տիրույթ. 5 կմ-ն այդքանի՞ն է վերաբերվում: Բա Եղծահող, որ գնում եք, 5 կմ-ից բավական այսկողմ է, թուրքերը նույն տրամաբանությամբ խփեցին՝ մտան Խծաբերդ, ասացին՝ 5 կմի-ից այնկողմ է: Հիմա այս ելույթը կարող են մեջբերել՝ ասել՝ Գորիսից որ դուրս ես գալիս Ստեփանակերտ, ընդամենը 5 կմ պետք է լինի, բա էս հարցին ո՞նց եք անդրադառնալու»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, եթե ՀՀ-ն շարունակում է պնդել, որ Արցախի անվտանգության երաշխավորն է, ուրեմն, ճանապարհի այդ հատվածն էլ ՀՀ-ի պարտավորությունների շրջանակում է, այլապես, երբ Խրամորթի դեպքերի ժամանակ կրկին պատասխանատվությունը դրվեց ռուսական կողմի վրա, հիմա էլ է դրվում, ապա ո՞րն է մեր պատասխանատվությունը՝ միայն պարտքով գումար տա՞լը:

Նա նաեւ պատասխանեց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հորդորելով նախադասության սկզբից բացի՝ նաեւ վերջը կարդալ ու հստակեցրեց, որ ռուս խաղաղապահներին հայտարարության իրենց տեքստում զորակցություն էին հայտնել, քանի որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահները չմտնեին Ստեփանակերտ, այսօր այնտեղ ադրբեջանցիներ կլինեին:

Ավելի ուշ, իր ելույթում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդեց, որ իրականում Լաչինի միջանցքը ձգվում է ՀՀ սահմանից մինչեւ Ստեփանակերտ եւ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ գրված է :

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդդիմությանը ծափահարեց եւ մեղադրեց ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի մեծագույն երազանքներից մեկը կատարելու մեջ. «Որոշ ժամանակ անց, Իլհամ Ալիեւի սեղանին կհայտնվի մի փաստաթուղթ, որում գրած է լինելու՝ հայերն իրար են մեղադրում, իրար ուտում են, պառակտում կա, սաղ տոչնի ա, միստր պրեզիդենտ»: Նա հայտարարեց, որ էլ այլեւս այն հին բարին չէ եւ խոստացավ պատճենահանել նաեւ իր հին անձնագրերը՝ ցույց տալու համար, որ ինքը որեւէ անգամ թուրքական հողի վրա ոտք չի դրել: Նաեւ բղավեց ընդդիմության վրա. «30 տարի Արցախի ճանաչման հարց ինչի՞ չէիք դրել, դնեիք»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության անունից իր եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանն ասաց, որ իշխանությունն այսօր հերթական շոուն կազմակերպեց խորհրդարանում: «30 տարի Արցախը փաստացի անկախ է եղել, 30 տարի Արցախի բնակչությունն աճել է, 30 տարի Արցախի հարցը եղել է աշխարհում բոլորի մտահոգության առարկան, ձեր իշխանության ժամանակ տապալել եք դա, կործանել եք Արցախը, բանակն եք թուլացրել, անվտանգությունն եք ոչնչացրել, հիմա եկել ում՝ ինչի համար եք մեղադրում»,- Վլադիմիր Վարդանյանին պատասխանեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանը իշխանությանը կոչ արեց՝ հեռանալ: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ ընտրություններ են եղել, ժողովուրդն իրենց ընտրել է. «Մեռանք հեռանալով, տարին մեկ հեռանում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031