Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շատ վատ եմ զգում, որ զինված ուժերում նման զինվորական է առհասարակ եղել». Տիգրան Աբրահամյանը՝ Գագիկ Մելքոնյանին

Դեկտեմբեր 20,2022 15:25

«2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սահմանում է, որ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնող կողմը ՌԴ-ն է՝ ի դեմս ռուս խաղաղապահների: Բայց պետք է նախ հիշել՝ ովքեր են ստորագրել այդ փաստաթուղթը, հայկական կողմը, որպես կողմ, ինքն է վերապահել այդ լիազորությունը ռուս խաղաղապահներին, այսինքն, հենց միայն այս մասով Հայաստանը եւս ունի պատասխանատվություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա, հիմա Արցախում այնպիսի վիճակ է, որ մենք այստեղ չպետք է քննարկենք՝ ով է պատասխանատուն, ով պետք է «խոդ» աներ ու չի արել եւ այլն. «Ունենք փաստ, որ իշխանությունը բերել հասցրել է նրան, որ ընտրություն պետք է կատարենք վատի եւ շատ վատի միջեւ եւ երկրորդ փաստը՝ ռուս խաղաղապահները չեն կատարել պատշաճ իրենց գործառույթները»:

Տիգրան Աբրահամյանը հավաստիացրեց, որ ցանկացած պարագայում պատասխանատուն երկրի իշխանությունն է՝ անկախ այն բանից՝ տվյալ պահին իշխանության ղեկին Նիկոլն է, թե Պողոսը. «Կա մի կարեւոր հարց, որից այս իշխանությունը խուսափում է ու մանիպուլյացիա իրականացվում: Գլխավոր խնդիրն է հասկանալ` լավ, եթե ՌԴ-ն իր ֆունկցիան չի իրականացնում ու որեւէ փուլում լինում է ոչ էֆեկտիվ, ապա ո՞վ պետք զբաղվի Արցախի մեր հայրենակիցների ճակատագրով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, վաղը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում: Աստված չանի՝ գանք հասնենք այդ կետին ու ասենք՝ Հայաստանը չունի այդ հնարավորությունը, ռեսուրսը ու տվյալ մարզում անվտանգություն իրականացնելու որեւէ նպատակ չի կարող լինել: Այդ ժամանակ էլ կառաջանա ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը, կասեն՝ գիտեք, ՌԴ-ն ՀՀ-ի հետ ուներ պայմանավորվածություն, չիրականացրեցին, բա ի՞նչ աներ խեղճ իշխանությունը: Այս իրավիճակում ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ անկախ այն բանից, թե ինչ է անում երրորդ, չորրորդ կողմը: Եթե այս շրջափակումը շարունակվի եւս մեկ շաբաթ, սա բերելու է ծայրահեղ իրավիճակի»:

Aravot.am-ը հարցրեց՝ այս օրերին իշխանական պատգամավորները հարցազրույցներ են տալիս ու ասում, որ Ռուսաստանն է փակել Բերձորի միջանցքը, մեր առջեւ ժամկետ են դրել, ուզում են միութենական պետության մաս դառնանք, չենք դառնում՝ փակել են, այս հայտարարությունները ինչքանո՞վ են վտանգավոր ու ի՞նչ ուղերձ կարող են լինել միջազգային հանրության համար: Հիշեցնենք, որ նման հայտարարություն, մասնավորապես, արել է ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Եթե չվիրավորեմ որեւէ մարդու այս իրավիճակում, ըստ էության շատ վատ եմ զգում, որ զինված ուժերում նման զինվորական է առհասարակ եղել։ Բայց դետալային ներկայացնեմ իրավիճակը՝ ինչ է տեղի ունեցել. ադրբեջանական հատուկ ծառայությունները, էկոակտիվիստների քողի ներքո բառի բուն իմաստով փակել են ճանապարհը, նաեւ կոչեր են ուղղվել այնտեղից շարժվել դեպի Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահները մեքենաների միջոցով փակել են հնարավոր այն ճանապարհը, որտեղից կարող են շարժվել «էկոակտիվիստները»: Եթե նույնիսկ այն բառապաշարի շրջանակում նայենք, որը հնչում էր ԱԺ ամբիոնից նաեւ իշխանականների կողմից, արձանագրվում էր, որ Ադրբեջանը դիմել է քայլերի, որը էթնիկ զտում անելու ու ցեղասպանություն իրականացնելու վտանգ է առաջացրել, սա ցույց է տալիս, որ իրականության մեջ ճանապարհը փակել են ադրբեջանցիները»:

Տիգրան Աբրահամյանը խնդրեց Գագիկ Մելքոնյանի նման դեմքերի հայտարարությունները, խոսքը հնարավորինս քիչ հանրայնացրենք, որովհետեւ դա բխում է ադրբեջանական քարոզչությունից ու որեւէ լավ տեղ չի տանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031