«Բա որ իրավիճակի միակ պատասխանատուն՝ թե Արցախում, թե Լաչինի միջանցքում, միակ պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, բա էդ ինչի՞ էիք ԱԺ հայտարարության ձեր նախագծում աջակցություն հայտնում ռուս խաղաղապահներին եւ ոչ թե Հայաստանի իշխանություններին, տիկնայք եւ պարոնայք»,- խորհրդարանում՝ դիմելով ընդդիմադիրներին, ասաց իշխանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նրա ելույթն այսքանով ավարտվեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արման Եղոյանն էլ, անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, իր ելույթում ասաց. «Եկեք մի պարզ տրամաբանական շղթա կառուցենք՝ Ռուսաստա՞նն է ավելի ուժեղ, հզոր պետություն, թե՞ Հայաստանը։ Ինձ թվում է՝ Ռուսաստանը. բանակով ավելի մեծ, միջուկային զենքով, հրթիռներով, տնտեսությամբ։ Հիմա դուք ասում եք՝ ՀՀ, ինչո՞ւ չես կարողանում անել մի բան, որը ՌԴ-ն չի կարողանում անել. դա տրամաբանական չի, ձեր ասածը։ Այլ հարց՝ հիմա Լաչինի միջանցքում ՀՀ-ն պիտի օգնի ՌԴ-ին, թե՞ խանգարի։ Եթե պիտի օգնի, ապա օգնում է, օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրավիրել է քննարկում, որտեղ Ռուսաստանը մշտական անդամ է։ Այնտեղ Ռուսաստանը կարող է իր դիրքորոշումը հայտնել։ Եվ դա շատ մեծ աջակցություն ու գործ կլինի։ Կարող է ասել, որ պահանջում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը, դա արդեն կլինի շատ մեծ ներդրում։ Ինչպես նաեւ կարող է ասել, որ ՀՀ-ից որոշ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից. դա էլ կարող է ասել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ շատ մեծ աջակցություն կլինի։ Հիմա նիստը կլինի, կտեսնենք մնացած ինչո՞վ կարող ենք մենք օգնել ՌԴ մեր գործընկերներին՝ կատարել իրենց անմիջական պատասխանատվության տակ գտնվող պարտավորությունը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ