Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանի մայրը բնակվում է Արցախում եւ 120 հազար մարդու հետ շրջափակման մեջ է. Ռուբեն Ռուբինյան

Դեկտեմբեր 20,2022 14:27

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Բերձորի միջանցքի հարցի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը:

Ռուբեն Ռուբինյան

«Եկեք կարդանք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը չեղարկելու որեւէ մտադրություն չի ունեցել եւ չունի «Հայաստան» դաշինքը. վեցերորդ կետ՝ «Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Նաեւ ասվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Այսինքն, Լաչինի միջանցքը, որը միայն ճանապարհ չէ, 5 կիլոմետրանոց տարածք է, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ չի գտնվում ոչ ԼՂ Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո, ոչ էլ՝ առավել եւս, Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այն գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Իրենք անմիջականորեն պետք է վերահսկեն այդ միջանցքը։ Ադրբեջանն իր հերթին պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդտեղով ազատ երթևեկությունը։ Հիմա, պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ, համաձա՞յն եք արդյոք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխում է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի հետեւյալ երկու կոմպոնենտների իրագործմամբ. առաջին՝ Ադրբեջանը պիտի դադարի խախտել նոյեմբերի 9-ի 6-րդ կետը, եւ երկրորդ՝ ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է վերականգնի իր ուղիղ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։ Եթե համաձայն լինեք, եկեք ասեք՝ այո։ Բայց մի եկեք ասեք՝ իշխանությունն է համար մեկ պատասխանատուն, իշխանությունը պատասխանատվությունը փորձում է գցել այլոց վրա։ Կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ի՞նչ պիտի անեն խաղաղապահները։ Ասում եմ, թե ինչ պիտի անեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, թե ի՞նչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքը»,- ասաց նա:

Անդրադառնալով Գեղամ Մանուկյանի՝ Արմեն Գրիգորյանի հասցեին հնչեցրած քննադատությանն էլ, ասաց, որ Արմեն Գրիգորյանի մայրը բնակվում է Արցախում եւ 120 հազար մարդու հետ շրջափակման մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031