Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Լոլոներ եք կարդում, թե գնացեք՝ ռուսներից պահանջեք. Ռուսներից էլ պիտի պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 20,2022 14:15

«Փաստը, որ կառավարությունը նախագիծը բերում է մեկժամյա քննարկման ռեժիմով՝ շրջանցելով հանձնաժողովը, ամեն ինչ ասում է»,- խորհրդարանում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ նախագծի հիմնավորումներում այն ներկայացվում է 4-օրյա եւ 44-օրյա պատերազմների դասերով եւ հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյայից հետո հետախուզության պաշտոնից ազատված պետին Նիկոլ Փաշինյանը հետագայում նշանակեց իրեն խորհրդական, հետո՝ պաշտպանության նախարար: Իսկ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս մենք ռազմական հետախուզության պետ չունենք, նախկին պետն էլ բանտարկված է: Հիմնավորումներում հղում կա նաեւ մինչեւ 2050 թվականը զարգացման ծրագրի վրա, որտեղ, ըստ պատգամավորի, մեկ նախադասություն կա գրած՝ մինչ այդ թվականն ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

Հիշեցնենք, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում ներկայացնում էր «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քննարկման արդյունքում բանավեճ ծավալվեց ընդդիմադիրների եւ իշխանության ներկայացուցչի միջեւ՝ արդեն 9 օր Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ: Այս առիթով՝ հակադարձելով ԱԽ քարտուղարին, Գեղամ Մանուկյանն ասաց. «Արմեն Գրիգորյանն ասում է՝ գնացեք ռուսներին համոզեք, բա մենք ի՞նչ անենք. կարաք գնաք՝ ո՞վ էլ գա, հաստատ ավելի լավ կանի»:

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը Գեղամ Մանուկյանին հիշեցրեց՝ ՍԾՏՀ վեհաժողովը, որտեղ Հայաստանի դիրքորոշումներն այդպիսի երանգներ չեն պարունակել, որոնք թույլ կտային կասկածել, թե ՀՀ-ն այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չէ եւ այդ վեհաժողովում Հայաստանը միակ երկիրն է եղել, որը կողմ չի քվեարկել հակառուսական բանաձեւին եւ հաստատել է ՌԴ-ի պատվիրակության մանդատը: «Երբ խոսում ենք, որ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը, անվտանգության երաշխավոր լինելու համար, երկիրը պետք է բավարար ռեսուրս ունենա, որպեսզի առաջինն ինքն իր անվտանգությունը կարողանա երաշխավորել, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, ռազմական, ֆինանսական. այս ծառայության ստեղծումն էլ, հույս ունեմ, որ այդ ռեսուրսը կավելացնի»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նկատեց, որ ՀՀ իշխանությունը իր պարտականությունը անընդհատ փորձում է բարդել ՌԴ-ի վրա. «Եռակողմ հայտարարությունը, որը սկզբում ամոթով, ապա հպարտությամբ էիք հիշատակում. ուզում եմ հիշեցնել, որ ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, ձեր իշխանությունն է հանձնել այլընտրանքային ճանապարհը Լաչինի, ձեր իշխանությունն է ստանձնել պարտավորություն՝ լինել Արցախի անվտանգության երաշխավորը, հիմա եկել, այստեղ լոլոներ եք կարդում, թե գնացեք՝ ռուսներից պահանջեք: Ռուսներից էլ պիտի պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031