Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն Ռիչարդ Մուրի այցելության հետ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը եւ Լաչինի միջանցքի փակ լինելը

Դեկտեմբեր 20,2022 13:32

«Ձեր իսկ կողմից ներկայացված նախագծի հիմնավորման մեջ եք կապել դուք այս նախագիծը՝ արցախյան պատերազմի եւ ստեղծված ծանր իրավիճակի հետ: Արտաքին հետախուզական ծառայությունը որքանո՞վ է նպաստելու կառավարության դրույթների իրականացմանը, որոնց մասին թե Ագնեսա Խամոյանը, թե Գեղամ Մանուկյանը նշեցին»,- խորհրդարանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով վերջինիս հորդորին՝ ներկայացվող նախագծի մասին հարցեր տալ:

ԱԽ քարտուղարը ներկայացնում էր «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ընդդիմադիր պատգամավորները ԱԽ քարտուղարին Լաչինի միջանցքի՝ արդեն 9 օր փակ լինելու եւ դրանից բխող ՀՀ իշխանության կատարած քայլերի մասին հարցեր տվեցին:

Արծվիկ Մինասյանը մեջբերեց նախագծից. «…Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում, ինքնորոշման իրավունքի հիման վրա: Եվ երկրորդ՝ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. խնդրում եմ, թվարկեք գործողությունները, որոնք այս ծառայությունը (արտաքին հետախուզության-Ն. Գ.) պետք է ապահովի կամ նպաստի այս նպատակների իրականացմանը»:

Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ հայթայթել, նույնիսկ այնպիսի տեղեկություններ, որոնք հրապարակային հայտնի չեն եւ դրանց հիման վրա վերլուծություններ կկատարվեն անվտանգության միջավայրի մասին, դրանք կտրամադրվեն վարչապետին, ինչի հիման վրա էլ որոշումներ կկայացվեն. «Կարծում եմ, որ ձեզ պետք է հայտնի լինի, որ այդ ինֆորմացիան վերաբերվելու է նաեւ Հայաստանի անվտանգային միջավայրին, որտեղ Արցախը ևս կարեւոր դերակատարություն ունի եւ այս առումով, հարցը կամ հարցադրումները, որոնք հնչել են, կարող է ինչ-որ ձեւով կապ ունենան»:

Արմեն Գրիգորյանը դիտողություն արեց, թե չի տեսնում հետաքրքրություններ՝ ծառայության ստեղծման եւ նրա բուն աշխատանքի վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը պնդեց իր տեսակետը՝ ակնկալելով կոնկրետ գործողությունների թվարկում, որոնցով, օրինակ, այսօր, Լաչինի միջանցքի բացման հարցը պետք է լուծել:

Արմեն Գրիգորյանի պատասխանը եղավ հետեւյալը. «Ես արդեն նշեցի, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ՌԴ-ն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունով, Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին եւ ես ուզում եմ նաեւ ընդդիմությունից լսել հարցադրումներ այս ուղղությամբ»:

Նա մեկ անգամ ևս հստակեցրեց, որ նոր ստեղծվող ծառայությունը գործողություններ չի կատարելու, տեղեկություններ է հայթայթելու, որոնց հիման վրա վերլուծություններ են կատարվելու. «Գործողությունների կատարումը այլ ծառայությունների վրա է եւ ես չեմ կարող հրապարակային խոսել բոլոր այն գործողությունների մասին, որոնք կատարելու ենք»:

Թեման շարունակեց Գեղամ Նազարյանը՝ նկատելով, որ թեեւ Արցախի անվտանգային խնդիրներով զբաղվում է ռուս խաղաղապահ զորախումբը, բայց Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, ուստի ՀՀ-ն, թերեւս պետք է զբաղվի այդ հարցով՝ նաեւ հուշելով խաղաղապահ զորախմբին, թե ինչպե՞ս պետք է խնդիրները լուծել: Կրկին նույն պատասխանը հնչեց՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով նշված է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է եւ ՌԴ-ի պարտավորությունները շատ հստակ են:

Նա նաեւ հետաքրքրվեց նախագծի ներկայացման նման հրատապությունից, արդյոք հարցը քննարկվե՞լ է կամ կապ ունի, օրերս Հայաստան այցելած բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավարի հետ եւ այլ երկրների հատուկ ծառայությունների մասին օրենքն, արդյոք, այս նախագծի հիմքում կա:

«Մեր ընդունվող օրենքները չեն կարող երբեւէ կապ ունենալ, որեւէ արտերկրյա պաշտոնյայի հետ: Հրատապության մասին կառավարության նիստում խոսել ենք, մինչ այդ էր առաջացել եւ, ընդհանրապես, Հայաստանի ներքին գործընթացները կապել ինչ-որ այլ երկրների պաշտոնյաների հետ՝ ժամանակակից Հայաստանում այդքան էլ տրամաբանական չէ»,- եղավ Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ հավելումով, որ տարբեր երկրների օրենսդրության ուսումնասիրություններ կատարվել են՝ ելակետային ընդունելով հարցը՝ ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին:

Գեղամ Նազարյանի խնդրանքին անսալով, Արմեն Գրիգորյանը հավելեց, որ այս օրենքն ընդունելու համար հիմք են ծառայել, ասաց, որ չկա կոնկրետ երկիր, որ օրենսդրությունը հիմք է ծառայել, հիմքը ՀՀ անհրաժեշտությունները եւ մեր օրենսդրական դաշտն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031