Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մի շարք աշխատակիցների պատճառով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս. Հաղորդում ոստիկանությանը

Դեկտեմբեր 20,2022 12:55

Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել են տեղեկություններ: Դրանց հիման վրա իրականացվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել:

Այդ տվյալների համաձայն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից 2021թ. հուլիսի 16-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի միջնակարգ դպրոցում մասնաշենքերի կառուցման աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգով և 1.742.538.290 դրամ նախահաշվային գնով հայտարարված մրցույթին մասնակցել է 5 ընկերություն: Նրանցից մեկ ընկերություն ներկայացրել է ամենացածր 1.732.204.783 դրամ գնային առաջարկը:

Որից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործվել են ի վնաս ծառայողական շահերի, և նշված ընկերության հայտն անհիմն մերժել են, այնտեղ տեղ գտած անհամապատասխանությունների, այնուհետև հայտը թերի շտկած լինելու պատճառաբանությամբ:

Ապա խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը՝ պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը հանգեցնելու, որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելուց, ինչպես նաև հայտերը բացելուց հետո գնման գործընթացին հետագա մասնակցությունից հրաժարվելու իմպերատիվ պահանջները՝ հիշյալ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ապօրինի ներառելու նպատակով, 2021թ. սեպտեմբերի 17-ին դիմել են ՀՀ ֆինանսների նախարարությանը, որը 2021թ. հոկտեմբերի 22-ին մերժվել է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից:

Այնուհետև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նույն իրավասու պաշտոնատար անձինք, կրկին իրենց ծառայողական լիազորություններն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, մրցույթին արդեն երկրորդ ամենացածր՝ 1.845.501.600 դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ բանակցությունների անհամաձայնության պատճառաբանությամբ, չեն կնքել պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր, իսկ երրորդ մասնակից 313.795.217 դրամ ավել՝ շուրջ 2.046.000.000 դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ իբրև բանակցությունների արդյունքում կատարելով գնիջեցում՝ 2021թ. սեպտեմբերի 30-ին կնքել են պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական 1.742.400.000 դրամ արժողությամբ գնման պայմանագիրը: Այդ կերպ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի 10.195.217 դրամի գույքային վնաս:

Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031