Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվեց․ մեկնարկում է պլանավորման նոր խումբը

Դեկտեմբեր 20,2022 13:22

Այսօր ավարտվել է հոկտեմբերից գործող Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատը։

Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել է ԵՄ դիտորդական կարողության խումբ՝ նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«40 եվրոպացի դիտորդություն իրականացնող փորձագետի տեղակայումը ապացուցել է իր արդյունավետությունը և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին»,- նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը։

Այս համատեքստում Խորհուրդը՝ Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածությամբ, որոշում է ընդունել, որ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կգործուղի անցումային պլանավորմանն աջակցող խումբ՝ բարձրացնելու ԵՄ-ի շրջանում իրազեկվածությունը անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նպաստելու Հայաստանում հնարավոր ԸԱՊՔ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու պլանավորմանը և նախապատրաստմանը։ Ակնկալվում է, որ անցումային պլանավորմանն աջակցող խումբը աջակցություն կցուցաբերի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ԵՄ-ի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում:

Ընդհանուր տեղեկատվություն
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված ԱՊՀ Հռչակագրին, որով պետությունները երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերի 3-ին:

2022 թվականի հոկտեմբերի 17-ին Խորհուրդը որոշում է ընդունել միչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան ԵՄ դիտորդներ տեղակայելու մասին։

Եվրոպական միության հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031