Հայ երևելիներ Կարպ Խաչվանքյանը, Գևորգ Վարդանյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Օհան Դուրյանը, Սլավիկ Չիլոյանը, Լևոն Խեչոյանը, Դավիթ Հովհաննեսը, Հրաչյա Թամրազյանն այլևս Երևանում իրենց անուններով փողոցներ ունեն:
Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 12 հարց, որից յոթը վերաբերում էր փողոցների անվանակոչմանը, մեկը՝ հուշատախտակների տեղադրմանը:
Երևանի Արաբկիրի թիվ 37 փողոցն անվանակոչվեց հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի անվամբ՝ «Կարպ Խաչվանքյան փողոց»:
Արաբկիրի թիվ 39 փողոցն անվանակոչվեց հետախույզ Գևորգ Վարդանյանի անվամբ՝ «Գևորգ Վարդանյան փողոց»:
Կարդացեք նաև
Արաբկիրի թիվ 49 փողոցն անվանակոչվեց ԽՍՀՄ ներքին ծառայության՝ ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի անվամբ ՝ «Ալեքսեյ Հեքիմյան փողոց»։
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչվեց հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անվամբ՝ «Օհան Դուրյան փողոց»:
Արաբկիրի 25-րդ փողոցն անվանակոչվեց հայ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անվամբ` «Սլավիկ Չիլոյան փողոց»:
Արաբկիրի 17-րդ փողոցն անվանակոչվեց հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի անվամբ` «Լևոն Խեչոյան փողոց»:
Արաբկիրի 19-րդ փողոցն անվանակոչվեց անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի անվամբ` «Դավիթ Հովհաննեսի փողոց»:
Երևան քաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցն անվանակոչվեց հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անվամբ` «Հրաչյա Թամրազյան փողոց»։
Երևանի ավագանին որոշեց հարգանքի տուրք մատուցել նաև բուժաշխատողներին և Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 17-րդ փողոցն անվանակոչեց Բուժաշխատողների փողոց:
Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Միշիկ Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի Սարյան փողոցի հ.31 շենքի պատին և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ՝ Գարեգին Նժդեհի փողոցի հ.1 շենքի պատին:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ