Դուք վերահաստատո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչպես արձանագրված է ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրում՝ հստակեցնող հարցն այսօր խորհրդարանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Դա ասելով չի, գործով են դա ապացուցում եւ իշխանությունը գործով դա ապացուցել է»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ անցած տարի մոտ 200 միլիարդի ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, որով ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ անվտանգային հարցեր են լուծվել:
Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Միջազգային պրակտիկայում եղել են «խաղաղություն՝ հողի դիմաց, հող՝ խաղաղության դիմաց», բայց գործընկերս նոր մի հետաքրքիր ձեւակերպում տվեց, որը ձեզ համար այլեւս դարձել է ծրագրային՝ «հող՝ փողի դիմաց՞: Ինչ խոսում եք Արցախից, խոսում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս»: Գեղամ Մանուկյանը ծնունդով արցախցի պաշտոնյային հորդորեց՝ գոնե ինքը Արցախի հետ հարաբերությունները փողի չվերածի ու հավելեց. «Փողը տալիս եք, որովհետեւ Արցախն ավերվել է, փողը տալիս են, որպես փրկագին, փողը տալիս են, որ մարդիկ լուռ մնան, ոչ թե փողը տալիս են՝ ի սիրուն»:
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանը չարձագանքեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ