Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ. «Սա ՀՀ–ի՝ Լաչինի միջանցքի հետ կապված հայցի պատասխանն է»

Դեկտեմբեր 20,2022 12:21

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնել է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը, գրում են ադրբեջանական աղբյուրները:

Նրա խոսքով, «բողոքում փաստեր են ներկայացված այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում, Զաբուխում (Աղավնո) և Սուսայում (Սուս) ադրբեջանցիների հարյուրավոր օբյեկտների ոչնչացման համար Հայաստանի պատասխանատվության մասին»: Սա ՀՀ–ի՝ Լաչինի միջանցքի հետ կապված հայցի պատասխանն է:

Այս հայցը ինձ հիշեցրեց այս տարվա օգոստոսի Ալիևի մի ելույթ, որտեղ նա խոսելով Սուսում, Աղավնոյում ապրող հայերի մասին ասել էր. «…Նրանք պատերազմական հանցագործներ են, թող չփորձեն մեր համբերությունը: Ավելի լավ է իրենց կամքով հեռանան: Մեզ միևնույն է, թե ուր կգնան»: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ ելույթներից, որոնք գալիս են փաստելու՝ ադրբեջանական կողմի խոստումները և հավաստիացումները միջազգայիններին, թե իբրև հայ բնակչությունը կարող է հանգիստ ապրել Արցախում, կատարյալ սուտ է: Հակառակը, եթե Արցախի նկատմամբ հանկարծ հաստատվի ադրբեջանական վերահսկողությունը, ապա կարճ ժամանակ անց մարդիկ կարժանանան Հադրութի, Շուշիի, Սուսի, Աղավնոյի հայերի ճակատագրին: Ալիևի համար հայերին «ռազմական հանցագործ» պիտակավորելը սովորական երևույթ է: Սա կարևոր է, որ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ նաև շեշտենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի: Ադրբեջանը որևէ կերպ չի կարող ապահովել հայերի անվտանգությունը, քանի որ ինքն է թիվ մեկ վտանգն Արցախի հայերի ֆիզիկական գոյության համար: Մենք դա ապացուցելու փաստերի պակաս չունենք: Արդեն ինը օր է, ինչ շարունակվում է Արցախի բլոկադան ու դեռևս լուծումներ չեն երևում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031