«Որեւէ գաղտնի խողովակ պետք չի՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը, այսպես կոչված «բնապահպանների» քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում: Հիմնական նպատակը սա է»,- քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
«Նախորդ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեցիք, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նոր՝ խմբագրված տարբերակը, պատրաստվում եք շուտով փոխանցել Ադրբեջանին. քանի որ այդ փորձը կա՝ ներքին խողովակներով եւ ոչ միայն ներքին խողովակներով, փաստաթղթերի փոխանակում իրականացնել Ադրբեջանի հետ՝ կոնկրետ ի՞նչ է պահանջում, ի՞նչ է առաջարկում, բառը դուք ընտրեք, Ադրբեջանը, ճանապարհը բացելու համար: Արցախի ճանապարհն արդեն 9-րդ օրն է՝ փակ է, որո՞նք են կոնկրետ այդ պահանջները»,- հարցրել էր պատգամավորը:
Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ Հայաստանն աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի միջանցքն արագ բացվի, արցախցիները խուսափեն մարդասիրական ճգնաժամից եւ ճգնաժամն արագ հանգուցալուծվի:
Ադրբեջանի կողմից Արցախում Էթնիկ զտումների մասին Արմեն Գրիգորյանի արձանագրումը զարմացրեց Ագնեսա Խամոյանին: Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ իշխող ուժը մերժեց էթնիկ զտումների մասին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած հայտարարության նախագիծն ընդունել՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում սադրել Ադրբեջանին, որպեսզի նրան գործողությունների լեգիտիմ հիմք չտան:
Կարդացեք նաև
Ագնեսա Խամոյանը նաեւ նկատեց, որ թեեւ ՀՀ իշխանությունը փաստացի հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, բայց կառավարության ծրագրում այդպես է գրված եւ հրաժարումի մասին որեւէ պաշտոնական փաստաթուղթ չկա, ուստի հետաքրքրվեց՝ իբրեւ Արցախի անվտանգության երաշխավոր, ՀՀ իշխանությունն ի՞նչ է արել, ի՞նչ է անում, ի՞նչ է առաջարկում՝ ճանապարհը բացելու համար եւ, առհասարակ, ինչպե՞ս է դրսեւորվում ՀՀ իշխանության կողմից՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը:
Արմեն Գրիգորյանը հակադարձեց՝ նկատելով, որ Արցախի անվտանգության երաշխավորից հրաժարվելու մասին հայտարարությունները զուտ պատգամավորի գնահատականներն են, իսկ կառավարության ծրագրով իշխանությունը ստանձնել է նման պարտավորություն եւ շարունակում է իր պարտավորությունները կատարել ու դրանք բազմապիսի են, թեեւ որեւէ հստակ քայլ չմատնանշեց: Փոխարենն ասաց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը հանդիսանում է նաեւ ՌԴ-ն եւ ուզում եմ կոչ անել, որ ընդդիմությունը նաեւ այդ ուղղությամբ աշխատի, որ ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները, որպեսզի Լաչինի միջանցքում ապահովվի անվտանգ, անխափան երթեւեկություն»: Նա հավելեց, որ իշխանությունն աշխատում է ՌԴ-ի հետ, որպեսզի միջանցքը հնարավորինս արագ բացվի եւ իշխանությունն՝ իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Ագնեսա Խամոյանին հիշեցրեց, որ խորհրդարանը հայտարարություն ընդունել է, որին «Հայաստան» խմբակցությունը չի միացել, որում խոսվում է թե ցեղասպանության եւ պատգամավորի նշած այլ խնդիրների մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ