Ֆրանսիան՝ ի տարբերություն մյուս միջնորդ բարեկամ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի եւ Վրաստանի, կաշկանդված չէ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու անհրաժեշտության խնդրով: Ստեղծված իրավիճակում նա չի խորշում նույնիսկ կորցնել միջնորդի առաքելությունը՝ առաջնային համարելով մարդու իրավունքները եւ հումանիտար արժեքները, այս դեպքում՝ կանգնելով հայ ժողովրդի կողքին:
Փարիզի ակտիվացումը պետք է, իհարկե, դիտարկել նաեւ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ձեւավորված աշխարհաքաղաքական գոծոնով, բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է արձանագրել, որ այս երկիրը միշտ էլ եղել է հայ ժողովրդի կողքին: 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո միջնորդի չեզոք կարգավիճակում Ֆրանսիան փորձում էր նպաստել արցախյան հիմնահարցի կարգավորմանը, բայց 44-օրյա պատերազմից հետո ակնբախ էր, որ Ադրբեջանն իրականում երբեք էլ չէր ցանկանում արցախյան հարցը խաղաղ եղանակով կարգավորել, այլ ժամանակ էր շահում սպառազինվելու եւ ագրեսիա սկսելու համար, իսկ դրանից հետո էլ հայտարարեց, թե Մինսկի խումբն անելիք չունի: Բաքվի այս կեցվածքը Փարիզին ստիպեց արդեն իրերն իրենց անուններով կոչել եւ հանուն միջնորդի կարգավիճակի չեզեքության դիրքերից աչք չփակել Ադրբեջանի աննախադեպ ագրեսիաների, անօրինությունների եւ բռնությունների առաջ:
Ադրբեջանն իր վարքով արդեն ոչ միան Ֆրանսիային, այլեւ ԱՄՆ-ին ստիպում է հրաժարվել միջնորդի չեզոք կեցվածքից: Մեծ ցանկության դեպքում էլ վերջիններս չեն կարողանում աչք փակել Բաքվից իրականացվող ագրեսիայի եւ ապակառուցողական քայլերի առաջ: Քաղաքացիական հագուստով ադրբեջանական ուժային կառույցների ներկայացուցիչների միջոցով Բերձորի միջանցքի փակումն արդեն չի կարող դիտարկվել որպես քաղաքացիական ակտ, այն լրիվ տեղավորվում է ռազմականի համատեքստում, քանի որ մի ողջ ժողովուրդ լիակատար շրջափակման մեջ է հայտնվել: Միաժամանակ Ադրբեջանը դրանով խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական պահանջը՝ չխոչընդոտել Արցախի ժողովրդի կապն արտաքին աշխարհի հետ:
Վերեւում շարադրվածի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ հենց Ֆրանսիայի նախաձեռնությամբ Արցախը շրջափակելու հարցով հրավիրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Այն փակ ձեւաչափով է անցկացվել: ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ պարտավորված է մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե վերջինս չդադարեցնի իր ակնհայտ ռազմական գործողությունն Արցախի ժողովրդի դեմ: Այստեղ բարեկամ Ֆրանսիան օգտագործում է ունեցած հնարավոր բոլոր միջոցները՝ արցախահայությանը հումանիտար աղետից զերծ պահելու եւ հերթական ցեղասպանական գործողությունները կանխարգելելու ուղղությամբ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: