Մեզ հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը փոխանցում է, որ Արցախում ընդհանուր տրամադրությունը մտահոգիչ է, բայց մարդկանց մոտ ընկճվածություն կամ խուճապ չկա։
«Մարդկանց մտահոգություններն, իհարկե, հիմնավոր են, քանզի բանական էակը հասկանում է՝ մեր կամքից անկախ ի հայտ եկած նոր խնդիրներ են առաջ գալու, որոնց պետք է կարողանալ համարժեք լուծումներ տալ։ Մարդիկ պետք է կարողանան ապրել, աշխատել ու կազմակերպել կենցաղը։ Արցախցու վճռականությունն անսասան է, ոգին՝ տոկուն, բոլորն էլ հասկանում են՝ պայքարը չի ավարտվել, իսկ դա հաղթահարելու ճանապարհը փշոտ է։ Մարդիկ դա էլ են շատ լավ գիտակցում»,- ասում է պատգամավորը։
Առանց Մայր Հայաստանի գործուն աջակցության, շարունակում է Հովհաննիսյանը, երկարատև շրջափակման պայմաններում կյանքն ու առօրյան կազմակերպելը դժվար և բարդ է լինելու։ Հետևաբար, ասում է, հարցին ճիշտ հանգուցալուծում տալու համար թե՛ քաղաքական դաշտում, թե՛ անվտանգության ոլորտում պետք է անել հնարավորը։ Թե ինչ գործընթացներից հետո կբացվի Լաչինի միջանցքը, պատգամավորն ինքն էլ չգիտի, ավելին՝ այդ մասին բարձրաձայնելը նպատակահարմար չի համարում, բայցև շեշտում է՝ այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ միջազգային հանրության կոնկրետ, հասցեական արձագանքն ու Ադրբեջանի նկատմամբ ուղիղ ճնշումներ գործադրելը։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։