Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ ենք անում մենք։ Ուզում ենք խաղա՞ղ ապրել, երկարաժամկետ երաշխիքներ ստանալ թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի համար, ուրեմն պետք է խաղաղությունը պարտադրել. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 20,2022 11:39

Մի կողմից ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Բերձորի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, մյուս կողմից՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի միջեւ կանաչ էներգետիկայի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ հերթական անգամ հանդես է գալիս ելույթով, որի ընթացքում հիշատակում է իր «հուսալի էներգետիկ գործընկեր» Ադրբեջանին։ Վերջինիս նախագահ Ալիեւը հայտարարում է, թե 2023 թ. կարտահանի 24 մլրդ խմ գազ։ Ի դեպ, սրանից միայն 11 մլրդ 600 մլն խմ-ն է Եվրոպայի բաժինը։ Բայց ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում այս 11 մլրդ խմ-ի պատճառով Ադրբեջանը դարձել է հուսալի գործընկեր Եվրոպայի համար։ Ի՞նչ ենք կարծում՝ Եվրոպան իրապե՞ս ջանք կգործադրի, որ Ադրբեջանը բացի Բերձորի միջանցքը կամ լքի ՀՀ սուվերեն տարածքը։ Իհարկե՝ ոչ, քանի դեռ աշխարհը քայլ չի տեսել մեր կողմից։ Քայլերը շատ են, բայց դարձյալ պետական պատասխանատվության տիրույթում են եւ պետք է միտված լինեն հստակ ցույց տալու, որ նախ ինքներս ենք պատրաստ մեզ օգնելու, ոտքի կանգնելու։ Չմոռանանք՝ ելույթում Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, թե ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծրագրին՝ մինչեւ տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներ ստանալը։ Փաստորեն՝ ֆինանսավորում մինչեւ արդյունք ստանալը։ Համաձայնագիրը նախատեսում է Սեւ ծովի տակով մալուխի անցկացում, որը Ադրբեջանին կմիացնի Հունգարիային՝ Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով։ Եթե Եվրոպան կառչած է Ադրբեջանին, ֆինանսավորման պատրաստակամությունն էլ նույնիսկ մինչեւ արդյունքի հասնելն է, կարո՞ղ է Ադրբեջանն անտեսել Բերձորի միջանցքի հետ կապված եվրոպական կոչերը։ Իհարկե՝ կարող է։ Քանզի Եվրոպան հաստատակամ չէ, Ադրբեջանն էլ առաջադրում է իրենից եկող շահը։

Նույն տրամաբանությունն է աշխարհաքաղաքական մյուս թեւերից եւս։ ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, բայց ԱՄՆ-ը շարունակում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Ռուսական կողմը կտրուկ քայլեր չի անում, շարունակում է բանակցություններն ադրբեջանական կողմի հետ։ Հայկական կողմը բավարարվում է միայն հումանիտար խնդրի բարձրաձայնմամբ։ Մե՛ր հումանիտարը թյուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հնչող գոյաբանակա՛ն սպառնալիքի դիմաց։ Անկարայից գրեթե ամեն օր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ամեն գնով ստանալու հայտարարություններ են հնչում, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են արվում, Անկարան ու Բաքուն պատրաստվում են Հայաստանից ստանալիք ռազմատուգանքի քայլերին (ինչին ուշադրություն չենք դարձնում), իսկ մենք խնդրի հումանիտար կողմն ենք  արծարծում զուտ։ Ու սպասում ենք կոչերի։

Ի՜նչ ենք կարծում, ի՜նչ տեքստերով պիտի հնչեն այդ կոչերը։ Նույն գծի վրա կանգնած են թյուրքն ու հայը։ Միջազգային տեքստերի տրամաբանությունը, բնականաբար, գծի վրա կանգնած կողմերի քայլերի տրամաբանությունից է բխում։ Եթե թյուրքական յաթաղանի դեմ մեր պլաստմասե պարսատիկն ենք բանեցնում, հասկանալի է, որ կոչերն էլ պետք է հնչեն մոտավորապես «պարսատիկի տիրոջը հաց ու ջրից չզրկելու» շրջանակում։ Սա օրինաչափ է՝ աշխարհի անբարոյականության եւ մեր ոչ ճիշտ պահվածքի համապատկերում։ Աշխարհը կխոսի մեր տարեցներից, երեխաներից, հումանիտար ճգնաժամից, բայց չի բարձրաձայնի, որ 30 տարի առաջ հայերը պարզապես ազատագրել են հայկական հողերը, իսկ հիմա թյուրքը օկուպացրել է նույն հայկական հողերը։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ, անպատժելիությունից ոգեւորված, ավելի կլկտիանան՝ նույն այդ աշխարհի գլխին փորձանք դառնալով։

Ինչ ենք անում մենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներին թույլ ենք տալիս Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։ Ի դեպ, պաշտոնական տեղեկություն է, որ ներկայացրել է կադաստի կոմիտեի նախագահի տեղակալը դեկտեմբերի 16-ին։ Եվ, իբրեւ մխիթարանք, հավելել՝ «բայց բավական քիչ է»։ Խորհրդային տարիների պատմությունն է կրկնվում, երբ սովետական ազգերի բարեկամության շրջանակում մեր տարբեր շրջաններում բերրի հողերում, ջրերի ակունքներին, արոտավայրերում, վարելահողերում «կարգում» էինք շատ չէ, մի տասը ադրբեջանական ընտանիքի։ 88-ի Համազգային շարժումը ցույց տվեց, սակայն, այդ տասի իրական թիվն ու պատկերը…

Ինչ պետք է անենք մենք։ Նախ՝ չպետք է մոռանանք թյուրքական ընդհանրապես ցեղասպան բնույթը եւ, մասնավորապես, մեր հանդեպ, թյուրքական ցեղասպանական մոլուցքը։ Այդ մասին միջազգային հարթակներում հնչեցնելը մեր օրակարգից պետք է դուրս չգա։ Պետք է հասկանանք, որ չցեղասպանվելու միակ ելքը հայկական բանակն է։ Ուժեղ, լավ զինված հայկական բանակ ունենալու համար պետք է ունենալ հզոր տնտեսություն։ Ուզում ենք խաղա՞ղ ապրել, երկարաժամկետ երաշխիքներ ստանալ թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի համար, ուրեմն պետք է խաղաղությունը պարտադրել։ Սոված գայլի բերանը գառ գցելով՝ գայլին չեն կշտացնում։ Հակառակը՝ գայլը միշտ գալիս է նույն տեղում մյուս գառներին ստանալու։ Գայլին գոնե քշելու համար մարխը միշտ պետք է ձեռքներիս լինի։ Փայտն ու խեժը մշտապես պատրաստ ունենալը բարդ բան չէ, ցանկություն է պետք։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031