Կանաչ թեյն աշխարհի ամենաօգտակար ըմպելիքներից մեկն է համարվում։ Թեյի այս տեսակի սիրահարները սովորաբար երկարակյաց են լինում, քանի որ կանոնավոր կերպով օգտագործում են մի ըմպելիք, որը ոչ միայն հագեցնում է ծարավը, ջերմացնում կամ զովացնում ըստ անհրաժեշտության, այլև կենսաբանորեն ակտիվ մի շարք միացությունների հրաշալի աղբյուր է։ Մասնավորապես, կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով՝ բուսական միացություններով, որոնք նվազեցնում են բորբոքումն ու հակաքաղցկեղային ազդեցություն ունեն։
Դրանցից կառանձնացնեինք կատեխինները, հատկապես էպիգալլոկատեխին-3-գալլատը․ օրգանական այս միացությունները նվազեցնում են ազատ ռադիկալների առաջացումը՝ կարևոր դեր խաղալով վաղաժամ ծերացման ու որոշ հիվանդությունների կանխարգելման գործում։ Կանաչ թեյը նաև ոչ մեծ քանակով հանքանյութեր է պարունակում, որոնք նույնպես օգտակար են առողջության համար։
Ինչպիսի ազդեցություն ունի կանաչ թեյն առողջության վրա
Բարելավում է գլխուղեղի աշխատանքը
Կարդացեք նաև
Այստեղ առանցքային դեր է խաղում կանաչ թեյի կազմում պարունակվող կոֆեինը, որը հայտնի խթանիչ է։ Այն թեյի բաղադրությունում ավելի քիչ է, քան սուրճի, սակայն բավարար է ցանկալի արդյունքի հասնելու համար՝ չառաջացնելով նյարդային ազդեցություն, որը կարող է կապված լինել կոֆեինի չարաշահման հետ։
Կոֆեինը բարելավում է գլխուղեղի գործառույթները՝ լավացնելով տրամադրությունը, զգոնությունը, արագ արձագանքման ունակությունը, հիշողությունը։ Սակայն կոֆեինը կանաչ թեյի միակ խթանիչ բաղադրամասը չէ, այն նաև L-թեանին ամինաթթու է պարունակում, որը կարող է հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինն ու L-թեանինը սիներգետիկ ազդեցություն ունեն, ինչը նշանակում է, որ դրանց համադրությունն ավելի ազդեցիկ է գլխուղեղի գործառույթների բարելավման վրա։
Ունի հակաքաղցկեղային ազդեցություն
Կանաչ թեյը հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր է, իսկ հակաօքսիդանտներն ունեն քաղցկեղը կանխարգելող ազդեցություն։ Հետազոտություններով պարզվել է, որ օքսիդացման վնասվածքները կարող են հանգեցնել խրոնիկ բորբոքումների առաջացման, ինչն էլ կարող է խրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ։ Հակաօքսիդանտներն օգնում են պաշտպանվել ազատ ռադիկալների վնասվածքներից՝ նպաստելով կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելմանը։
Պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ
Կանաչ թեյի կազմում պարունակվող կատեխիններն օգտակար են բերանի խոռոչի առողջության համար։ Դրանք ոչ միայն ճնշում են բակտերիաների աճը՝ նվազեցնելով ինֆեկցիաների վտանգը, այլև որոշ չափով չեզոքացնում են բերանի տհաճ հոտը։
Նպաստում է 2-րդ տիպի դիաբետի կանխարգելմանը
Կան տվյալներ, որ կանաչ թեյը բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունակությունն ու կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ 286 701 մարդու մասնակցությամբ 7 հետազոտությունների տվյալներով՝ կանաչ թեյի սիրահարների շրջանում դիաբետի զարգացման վտանգը 18 տոկոսով ցածր է եղել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ