Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու չի բացվում Բերձորի միջանցքը

Դեկտեմբեր 20,2022 10:00

1/ Ռուսաստանը թեեւ չի փակել միջանցքը, ինչպես պնդում է իշխանամերձ քարոզչությունը, բայց, մյուս կողմից, ժամանակակից լեզվով ասած, «դուխ չունի» այն բացելու (չնայած դա այդ երկրի ուղիղ պարտականությունն է)՝ վախենում է, որ «ուժային» բացումը կվերածվի բախման, եւ չի ուզում դրա վրա ռազմական եւ քաղաքական ռեսուրս ծախսի: Ուկրաինայում ակնհայտ անհաջողությունների ֆոնի վրա երկրորդ ճակատ բացելը Կրեմլը (առայժմ, համենայնդեպս) նպատակահարմար չի համարում: Բացի այդ, Պուտինը, շատ հնարավոր է, ինչ-որ «առեւտուր» ունի Էրդողանի հետ:

2/ Բրիտանիան շահագրգռված է, որ Արցախը հայաթափվի՝ ոչ միայն այն պատճառով, որ դա իր նավթային գործընկեր Ադրբեջանի ցանկությունն է: Այդ երկիրն անմիջական շահեր ունի Արցախի հանքարդյունաբերության մեջ, եւ համապատասխան բանակցություններ էր սկսել Բաքվի հետ դեռեւս 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ հաշվարկելով, որ Ադրբեջանի հաղթանակից հետո Արցախում չի լինի ոչ մի հայ բնակիչ եւ, առավել եւս, ռուս խաղաղապահ, եւ բիզնեսի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն:

3/ ԵՄ-ի համար միեւնույն է՝ Արցախում կամ ընդհանրապես տարածաշրջանում հայերն ապրելու են, թե չէ: Այդ կազմակերպության այսօրվա մտահոգությունն է ձմեռը տաքանալը, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո ԵՄ-ին պետք է «հուսալի գործընկեր» Ադրբեջանի վառելիքը:

4/ ԱՄՆ-ի համար նույնպես մեկ է՝ այս տարածքում հայեր կլինեն, թե չեն լինի: Այդ երկրի դարդ ու ցավը Իրանն է, ինչպես նաեւ Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի ազդեցության թուլացումը:

5/ Հայաստանի իշխանությունները չեն ուզում, իհարկե, որ Արցախը հայաթափվի, բայց հասկանում են, որ դա այն խնդիրը չէ, որից կախված է իրենց աթոռների «ամրությունը». եթե զանգվածները նրանց ընտրեցին պատերազմում պարտությունից եւ 4000 զոհ տալուց հետո, ապա կշարունակեն աջակցել նաեւ 120 հազար փախստական ունենալուց հետո: Հետեւաբար, նրանց համար շատ հզոր մոտիվացիա չկա` այդ խնդրով զբաղվելու:

Բայց ոչ միայն Հայաստանի կառավարիչների, այլեւ վերը նշված 4 խաղացողների վարքն այլ կլիներ, եթե նրանք համապատասխան ազդակներ ստանային Հայաստանի հասարակությունից եւ Սփյուռքից: Հակառակ ազդակները հնչում են 2021 թվականի ընտրություններից հետո. եթե քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է պարտված վարչապետին, ապա դա աներկբայորեն նշանակում է, որ այդ մեծամասնությունը հաշտվել է պարտության հետ: Եթե Արտակ Բեգլարյանի նախաձեռնություններին արձագանքում է մի քանի տասնյակ մարդ, եւ գրեթե ոչ ոք իր սեփական նմանատիպ նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ապա դրանից կարելի է եզրակացություն անել, որ Բերձորի միջանցքի, փորձանքի մեջ ընկած հայրենակիցների ճակատագիրը հասարակության մեծ մասին չի հետաքրքրում:

Հիմա պատկերացրեք, որ Երեւանում լինեին 100 հազարանոց ցույցեր՝ համազգային, առանց որեւէ ներքաղաքական պահանջների, միայն Բերձորի միջանցքը բացելու պահանջով, եթե հզոր ցույցեր տեղի ունենային Սփյուռքում: Աշխարհը մեր մասին այլ՝ ավելի բարենպաստ կարծիք կունենար եւ գուցե կգտնվեին շրջանակներ, որոնք մեզ կցանկանային օգնել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան։
    Առաջին 4 կետում բավականին իրականությանը մոտ գեոպոլիտիկ վերլուծություն է, որից հետո անհասկանալի ռոմանտիզմ, իդեալիզմ թե ինչ չգիտեմ
    Այդ կետերում նշված պետություններն ու կազմակերպություններն, թքած ունեն բարձր սարից քանի հազար մարդ դուրս կգա փողոց։
    Իրենց շահերից չբխի դանիելիոնաիսյաններով կդառնան 5000 մարդ։
    Պարտվել ենք և հանձնել ենք 2018-ին։
    Վայելեք

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Նժդեհն ասում էր մուրացկանին օգնում են ոչ այնքան կարեկցանքից, այլ՝ ավելի շուտ՝ զզվանքից: Քաղաքականության մեջ կարեկցանք չկա, զզվանք՝ շատ քիչ; Իմաստուն է Նժդեհը:

    Մենք չպետք է խնդրենք, մուրանք որ մեզ օգնեն թեկուզ 100 կամ 500 հազարով: Մենք պետք է բացատրենք Եվրոպային, ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին ու այլոց որ թուրանական ծրագրերի դեմ վերջին պատվարն ենք: Ընկանք ընկնելու են նաեւ իրենք: Այ այստեղ չէր խանգարի համատեղ աշխատելը:

  3. Ruben says:

    1989 թ դեկտեմբերի 1- ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
    1990 թվականի հունվարի 9-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հանրապետության 1990 թվականի ծրագրում ներառեց ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։
    1990 թվականի մայիսի 20-ին ԼՂԻՄ-ում տեղի ունեցան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ԼՂԻՄ-ից պատգամավորների ընտրությունները։
    Խորհրդային զորքերը և ԽՍՀՄ ներքին գործերի զորքերը բացեցին Գորիս-Ստեփանակերտ ավտոմոբիլային ճանապարհը:
    ԼՂԻՄ-ից արտագաղթ չկար:
    Հետո ԼՏՊ-ի ՀՀշները ջարդեցին Ոսկանյանի գլուխը: Վազգեն Սարգսյանը, ով «առողջական պատճառներով» ազատված էր խորհրդային բանակում ծառայությունից (լինելով մարզիկ, բայց ոչ շախմատիստ, սպիտակ զինգրքույկով), դառնում է Հայաստանի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ…
    1990-ի մայիսին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Հայոց համազգային շարժումը (ՀՀշ-ն)։
    Եվ Սկսվեց արտագաղթ ԼՂԻՄ-ից.
    Խորհրդային զորքերը և ԽՍՀՄ ներքին գործերի զորքերը փակեցին Գորիս-Ստեփանակերտ ավտոմոբիլային ճանապարհը, որ ԼՂԻՄ-ը չդատարկվի:
    Օդային փոխադրումները միշտ բաց են եղել:
    «Ինչու չի բացվում Բերձորի միջանցքը»:
    Որպեսզի Արցախի տարածքի մնացորդները չդատարկվեն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031