Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժ կրող անձանց վկայականները հանձնվեցին հանդիսավորությամբ (ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2022 23:30

Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ, «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հավասարը՝ հավասարին» եռամսյա ծրագրի շրջանակում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 10 անձ սովորեցին ծաղկագործություն եւ գրիչների ասեղնագործություն։ Նրանց վկայականները հանձնվեցին հանդիսավորությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, «Արմավիր» ՔԿՀ–ի վարչակազմի աշխատակիցներ, դոնոր կազմակերպության ներկայացուցիչներ։ Վկայականները հանձնելու պատիվը տրվեց դոնորի ներկայացուցիչ Լուիզա Վարդանյանին։ Նա նախ շնորհավորեց վերամասնագիտացված դատապարտյալներին ու կալանավորված անձանց։

«Ուրախ եմ, որ ծրագիրը նման ոգեւորություն է առաջացրել, նկատելի է՝ ինչ եռանդով եք սովորել ու ինչ սիրով եք պատրաստել այս ամենը»,-իր խոսքում նշեց Լուիզա Վարդանյանը։ Հյուրերն ու պատիժ կրող անձինք ծափահարություններով շնորհավորում եւ ոգեւորում էին դասընթացն ավարտած ու վկայական ստացողներին։ Դատապարտյալ ՝ Վիտալիոս Խիոնիդիսի խոսքով՝ բացի այն, որ կալանավայրում ծաղկագործությամբ ու գրիչների ասեղնագործությամբ կզբաղվեն, ծրագիրը նաեւ հնարավորություն տվեց ազատության մեջ հնարավորություն կունենան արտադրել ու վաճառել։

Այս ծրագրի շրջանակում առաջին անգամ երրորդ կողմը՝ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն, վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանի հետ։ «Ինչքանով տեղեկացա, առաջին անգամ է, որ դատապարտյալն ուսուցանում է այլ դատապարտյալների։ Գոհ եմ, սա հնարավորություն տվեց՝ համ ուսուցանել, համ տեղում, քո ընկերների հետ քննարկել մտահղացումները»,-ասաց Կարեն Դալլաքյանը՝ համոզված լինելով, որ անազատության մեջ գտնվող անձինք իրականում սովորում են մասնագիտություն ստանալու համար, այլ ոչ թե միավորների։

Նշենք, որ ըստ գործող ընթացակարգի, դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատվելիս՝ բալային համակարգով են գնահատվում, եւ դասընթացներին մասնակցելու դեպքում նրանց 3 միավոր է տրվում։

Դասընթացի մասնակիցները իրենց հերթին երախտագիտությունը հայտնեցին «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայրապետ Անանյանին, սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի մասնագետ Շիա Պետրոսյանին՝ կազմակերպչական շատ հարցերում իրենց աջակցելու համար։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նույնպես շնորհակալ է, որ պատիժ կրող անձինք մասնակցեցին ծաղկագործության եւ գրիչների ասեղնագործության դասընթացին։ «Ձեր օրինակը ոգեւորող է եւ արդեն տեղեկություն ունենք, որ ձեր շատ ընկերներ են ցանկություն հայտնել մասնակցելու։ Իհարկե, բալերն էլ են կարեւոր, բայց առաջին հերթին կուզենայի սովորեիք նորանոր արհեստներ ու վերամասնագիտանաք» ,-նշեց տիկին Նավիկյանը։

Շարունակելով գործընկերոջ միտքը՝ ՔԿԾ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանն էլ շնորհավորեց դասընթացներն ավարտողներին՝ նոր ձեռքբերման առիթով։ «Թող այս առաջին ձեռքբերումը շարունակություն ունենա»,-իր միտքը եզրափակեց Հովհաննես Մարգարյանը։

Պատիժ կրող անձինք ցանկություն հայտնեցին մասնակցելու համակարգչային վարսավիրական եւ այլ դասընթացների։ «Հանուն Ազատության» ԻՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ կարիքների գնահատում են արել ու նախատեսում են ոչ միայն «Արմավիր» ՔԿՀ-ում, նաեւ այլ քրեակատարողական հիմնարկներում նման դասընթացներ կազմակերպել։

Դատապարտյալները իրենց աշխատանքներից մի քանիսը նվիրեցին հյուրերին։

Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 10 անձ սովորեցին օճառագործություն։

Լուսանկարները հրապարակվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031