Դեկտեմբերի 19-ին կայացած Սիսիանի ավագանու անդամներն արձանագրությամբ հաստատեցին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հրաժարականը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին կայացած համայնքի ավագանու ընտրությունից հետո կայացել էր միայն մեկ նիստ՝ հոկտեմբերի 12-ին, որտեղ համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ Նիստին չմասնակցեցին «Ապրելու երկիր» կուսակցության 4 անդամները, որից հետո նրանք հայտարարեցին մանդատներից հրաժարվելու մասին։
Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին նաեւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի, «Մեկ Հայաստան» կուսակցության բոլոր թեկնածուները։ Այսպիսով, Սիսիանի ավագանու 21 մանդատներից 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը՝ 5 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 4 մանդատ, «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։
Կարդացեք նաև
Արդյունքում, կառավարող ուժի եւ «Հանուն Հանրապետության» 10 մանդատը քվորում չէին ապահովվում, ու ավագանու նիստերը իրավազոր չեն։
Այսպիսով, գործող ընթացակարգի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա ժամկետում պետք է նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ