Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն խնդիրներ, բայց ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է». քննարկում

Դեկտեմբեր 19,2022 18:22

Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ ռազմաքաղաքական դաշնակիցն է և նրա ներկայությունը մեր երկրում երաշխավորում է մեր անվտանգությունն ու կայունություն: Այս տեսակետն էին արտահայտում փորձագետներն ու քաղաքագետները «Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը․ իրողություններ և հեռանկարներ» կլոր սեղան-քննարկմանը:

ՀՀ տնտեսությունը շատ ուժեղ կերպով կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ շուկաներ, որովհետև միայն ԵԱՏՄ շուկաներն են երաշխավորում պատրաստի արտադրանքի ավելացման և սպառման հնարավորություն: Այս մասին «Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը․ իրողություններ և հեռանկարներ» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:

«Տարիներ առաջ Հայաստանն իր հայացքը ուղղել է դեպի Ռուսաստան ու չի սխալվել, որովհետև ՌԴ շուկան վերջին երեք տարում կլանում գնում է հեշտությամբ Հայաստանից գնացող ամբողջ պատրաստի ապրանքը»,-ասաց նա:

Գնահատելով ՌԴ հետ ռազմաքաղաքական հարաբերությունները, Սաֆարյանը նշեց, որ մենք ամենասերտ ռազմաքաղաքական դաշնակիցներն ենք, այո, ունենք երկրի ներսում բանավեճ այն հարցի շուրջ, թե արդյոք կատարում է ՌԴ-ն այն բոլոր խնդիրները, որը Հայաստանն ակնկալում է իր ռազմավարական դաշնակցից.

«Մենք տեսնում ենք այդ բանավեճը ու նաև հասկանում ենք, որ դա լավ բան է, որովհետև միայն բանավեճում են, որ ծնվում են այն գաղափարները, որոնք հետագայում կարող են դառնալ թիրախներ, որոնք նախանշում են ուղին քաղաքական որոշումների համար: Բայց մենք արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ՌԴ-ն մնում է ՀՀ ռազմաքաղաքական դաշնակիցը: Եվ արձանագրում ենք նաև այն, որ Ռուսաստանի ներկայությունը երաշխավորում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կայունությունը մեր հարևանների հետ հարաբերություններում»,- շեշտեց Արամ Սաֆարյանը:

Իր հերթին, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ գոյություն ունի օբյեկտիվ վիճակագրություն, որը վկայում հայ-ռուսական հարաբերությունների դրական կողմերի մասին: Սակայն նա կենտրոնացրեց իր ուշադրությունն այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում այսօր Արցախի, հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ՝ նշելով, որ դրանք ևս պետք դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայով: Ըստ փորձագետի, այդ գործընթացներն ի ցույց են դնում գոյություն ունեցող երկու մոդել՝ վաշինգթոնյան և մոսկովյան: Վաշինգթոնյանի նպատակն այն է, որպեսզի խնդիրները զրոյանան և ռուս խաղաղապահները հեռանան, Թուրքիան էլ ցույց տա, թե, իբր, իր քաղաքական կուրսը՝ զոր խնդիրներ հարևանների հետ, գործում է և այս ամենի հեռանկարում հարց կառաջանա՝ իսկ ինչի՞ համար է պետք ռուսական բազան Հայաստանում, այն պետք է դուրս բերվի:
«Այս ամենն արվում է, որպեսզի ռուսական ներկայությունը տարածաշրջանում զրոյացվի: Սա է նպատակը վաշինգթոնյան կարգավորման տարբերակի»,- ասաց նա:
Եվ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակն այսօր տրանսֆորմացվում է այն բանավեճի, թե ռուս խաղաղապահները լավ չեն կատարում իրենց պարտականությունները և շատ ավելի արդյունավետ կլինի, եթե այնտեղ խառը կոնտինգենտ ներկայացված լինի՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մանդատով և այլն: Եվ այստեղ էլ խնդիրը նույնն է՝ դուրս բերել ՌԴ-ին:

Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Ջոնի Մելիքյանն   ասաց, որ դրանք կարևոր են Հայաստանի համար, հատկապես հիբրիդային պատերազմի պայմաններում, որը բավականին լուրջ ձևով ազդում է մեր տարածաշրջանի վրա։ Նրա խոսքով, հիբրիդային պատերազմի ֆոնին բավականին բարդացել են Ռուսաստանի քայլերը և քաղաքականությունը մեր տարածաշրջանում, բայց թյուր է այն կարծիքը, թե Մոսկվայի ուշադրությունից դուրս ենք եկել.

«Այո, Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հիմնականում ուղղված է դեպի Ուկրաինա, բոլոր ռեսուսներն ու ջանքերը՝ նույնպես, բայց չպետք է մոռանալ, որ Արցախում են գտնվում ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են հանրապետության անվտանգությունը։ Եվ, փառք Աստծո, այսօր լայնամասշտաբ պատերազմ չէ»,- նշեց Մելիքյանը:

Փորձագետն ընդգծեց՝ բոլոր ուժային կենտրոններն ունեն իրենց շահերը մեր տարածաշրջանում, և դա շատ կարևոր է ֆիքսել ու ճիշտ շարժվել առաջ:
Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ Ծովինար Կոստանյանը նշեց, որ  առկա իրողություններն ու Արեւմուտք-Ռուսաստան սուր հակամարտությունն ուղղակիորեն ազդեցությունն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Ըստ նրա, այս ամենում առաջնահերթ ու կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, և արտաքին քաղաքական հստակ կուրսը, քանի որ առաջացող սպառնալիքներին ու մարտահրավերներին Հայաստանը պետք է կարողանա դիմակայել.

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպես նաև անվտանգության երաշխավորը։ Ներկա իրողություններն էլ ավելի են ստիպում վերաիմաստավորել հայ-ռուսական հարաբերությունները և հասկանալ, թե ինչպես պետք է ապագայում էլ ավելի զարգացնենք դրանք, քանզի հենց այդ հարաբերություններից է կախված մեր երկրի անվտանգությունը», – հավելեց Կոստանյանը։

Նշենք, որ Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցեցին շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, փորձագետներ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031